Լաչինի միջանցքի փակմանն անդրադարձել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Քեթրին Քլարքը, կոնգրեսական Ջիմ Լանգեւինը, ինչպես նաեւ Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի կյանքեր, հատկապես՝ տարեցների եւ երեխաների, վտանգված են, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի եւ ջերմության հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք ապահովել խաղաղություն եւ պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Քեթրին Քլարքը։
Կոնգրեսական Ջիմ Լանգեւինը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի անարդար եւ անբարոյական շրջափակումը պետք է դադարեցվի։ «Արցախում 120 000 անմեղ խաղաղ բնակիչներ այժմ թակարդում են՝ առանց գազի, պարենի եւ դեղորայքի հասանելիության։ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան պետք է դադարեցվի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ջիմ Լանգեւինը։
«Երեքշաբթի Ադրբեջանի բռնապետը փակել է ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Վառելիքը, պարենամթերքը եւ դեղորայքը սպառվում են։ Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փոլ Կրեկորյանը։