Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսաիլ» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային եւ իր պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հանդիպման 23-րդ րոպեին Արգենտինայի հավաքականը 11 մ հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց թիմի ավագ Լիոնել Մեսին: Խաղի 36-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո արգենտինացիները կրկնապատկեցին հաշիվը: Աչքի ընկավ ձախ հարձակվող Անխել Դի Մարիան:
Երկրորդ խաղակեսի սկզբում դարձյալ ակտիվ էին արգենտինացի ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց ամրապնդել առավելությունը: Իսկ ահա գործող չեմպիոն Ֆրանսիան, որը ձգտում էր հավասարեցնելու խաղը, շեշտը դնելով դիրքային գրոհների վրա, մեկ րոպեում երկու գոլ խփեց եւ հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ՝ խաղի 80-րդ րոպեին, արգենտինացիները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները․ Ֆրանսիայի հավաքականի անդամ Կիլիան Մբապեն վստահ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ ընդամենը մեկ րոպե անց խփեց նաեւ երկրորդ գնդակը (8-րդ գնդակն այս առաջնությունում)՝ այսկերպ եզրափակելով իր խաղընկերների սկսած հակագրոհը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 2:2:
Լրացուցիչ ժամանակի սկիզբը կրկին անցավ Արգենտինայի հավաքականի առավելությամբ: Արդյունքում, 109-րդ րոպեին արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին երկրորդ անգամ գրավեց աշխարհի չեմպիոնների դարպասը եւ առաջ մղեց իր թիմին: Սակայն Արգենտինայի ընտրանին այս անգամ էլ չկարողացավ պահպանել առավելությունը. 118-րդ րոպեին Կիլիան Մբապեն դարձյալ վստահ իրացրեց 11-մետրանոց՝ 3:3: Ֆրանսիացին դարձավ բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, որը Մունդիալների եզրափակիչներում 4 գնդակ է խփել:
Այդպիսով, հաղթողին որոշելու համար նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար: Այն վստահ իրացրին արգենտինացիները՝ 4:2: Այդպիսով, 2022 թվականի աշխարհի չեմպիոն դարձավ Արգենտինայի հավաքականը:
Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաեւ 1978 եւ 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ: Մինչեւ ԱԱ-2022-ը աշխարհի միայն երկու հավաքականի էր հաջողվել մունդիալներում 2 անգամ անընդմեջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1934 եւ 1938 թվականներին նման հաջողության էր հասել Իտալիայի հավաքականը, իսկ 1958 եւ 1962 թվականներին երկու անգամ անընդմեջ Մունդիալի հաղթող դարձել էր Բրազիլիան։
Արգենտինայի հավաքականի ավագ 35-ամյա Լիոնել Մեսին ճանաչվեց 2022-ի Կատարում կայացած աշխարհի առաջնության լավագույն խաղացող, Ֆրանսիայի հավաքականի անդամ Կիլիան Մբապեն էլ՝ 2022-ի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։