Ըստ գերմանական RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ի՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։
Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Թեեւ Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում,- ասել է Հարդը եւ նշել:- Ակնհայտորեն, շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը»:
Բունդեսթագի «Կանաչներ» խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը եւս Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հակառակ դեպքում հումանիտար աղետ է սպառնում։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը: Ադրբեջանի նոր դերը՝ որպես Եվրոպայի համար էներգիայի կարեւոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին»,- ասել է Տրիտինը։