Ըստ հարավկորեական Yonhap գործակալության՝ Կորեական թերակղզու ափերին ծովի մակարդակը վերջին 33 տարվա ընթացքում գրեթե 10 սանտիմետրով բարձրացել է կլիմայի փոփոխության հետեւանքով։
Կորեայի Հիդրոգրաֆիայի եւ օվկիանոսագրության ազգային գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի ափերին ծովի մակարդակը 1989-2021 թվականների ընթացքում բարձրացել է 9,9 սանտիմետրով՝ տարեկան միջինը 3,01 միլիմետրով: Ծովի մակարդակի բարձրացման ամենաարագ տեմպերը գրանցվել են Ճապոնական ծովում՝ տարեկան միջինը 3,5 միլիմետր: Դեղին ծովի մակարդակը բարձրացել է տարեկան 3,08 միլիմետրով: Այդ գործընթացն ամենից դանդաղ է ընթացել Արեւելաչինական ծովը ողողող երկրի հարավային ափին. այնտեղ ծովի մակարդակի բարձրացման տեմպերը եղել են տարեկան 2,5 միլիմետր:
Վերլուծությունը հիմնված է 21 դիտակայաններից ստացված տվյալների վրա: Ընդ որում՝ երկրի հարավարեւմտյան Մոկպո քաղաքում տեղակայված ամենահին կայանի տվյալներով՝ 62 տարվա ընթացքում արձանագրվել է ծովի մակարդակի բարձրացում 15,4 սանտիմետրով, ինչը համապատասխանում է տարեկան 2,49 միլիմետր աճի տեմպին: