Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել։
Վեբերը հնարավոր է համարում արգելափակոցների կառուցումը Եվրամիության սահմաններին՝ նոր միգրացիոն ճգնաժամը կանխելու նպատակով: Ըստ նրա՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե ԵՄ երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում եւ ցամաքում։ Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արեւելքում՝ «ներգնա միգրանտների թիվը վերահսկելու համար»։
«Անհրաժեշտության դեպքում նաեւ հարկավոր է կառուցել արգելապատնեշներ, օրինակ՝ ԵՄ-ի հարավ-արեւելքում, որպեսզի հնարավոր լինի անարգել վերահսկել ժամանող միգրանտներին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Դրա համար, ինչպես կարծում է Վեբերը, Եվրամիությունը պետք է հավանություն տա այս սահմանային կառույցների ֆինանսավորմանը։ Եվրապատգամավորի ղեկավարի համոզմամբ պետք է ուժեղացնել նաեւ մաքսանենգների դեմ պայքարը։
Վեբերը նշել է, որ միայն այս տարվա առաջին 11 ամիսներին ԵՄ Frontex սահմանային վերահսկողության գործակալությունն արձանագրել է ԵՄ տարածք անօրինական մուտքի շուրջ 308 հազար փորձ։ Ըստ Frontex-ի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դա 68%-ով ավելի է: