Իրանում «կեղծիք տարածելու» մեղադրանքով ձերբակալվել է երկրի ամենից հայտնի դերասանուհիներից մեկը՝ Թարանե Ալիդոսթին՝ Իրանում արդեն մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերին աջակցելու եւ իշխանություններին բացահայտ կերպով քննադատելու համար։
Թարանե Ալիդոսթին բողոքի ցույցերը ճնշելու փորձերի համար բացահայտորեն քննադատում էր իշխանություններին։ Նոյեմբերին ի նշան ցուցարարների հետ համերաշխության նա «Ինստագրամում» հրապարակել էր առանց հիջաբի իր լուսանկարը։ Անցյալ շաբաթ նա «Ինստագրամում» դարձյալ գրառում էր արել, որում դատապարտել էր հակակառավարական ցույցերի մասնակցի նկատմամբ մահապատիժը։ 38-ամյա Ալիդոսթին քննադատել էր նաեւ միջազգային կազմակերպություններին՝ Մոհսեն Շեքարիի մահապատիժը չկանխելու համար։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Թարանե Ալիդոսթիին ձերբակալել են այն պատճառով, որ նա չի կարողացել հիմնավորել իր գրառումներում արտահայտած մտքերը։ Իրանցի ամենից հաջողված դերասանուհիներից մեկը համարվող Թարանե Ալիդոսթիի՝ 8 միլիոն բաժանորդ ունեցող «Ինստագրամի» օգտահաշիվը հեռացվել է ցանցից։
Դերասանուհու մասնակցությամբ «Կոմիվոյաժոր» իրանական ֆիլմը 2016-ին արժանացել է ամերիկյան «Օսկար» մրցանակի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը