Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ պարտադիր զորակոչի մեկ տարով հետաձգման վճարը երկրում սահմանվել է 10 հազար լարի (մոտ 3760 դոլար)։ Բուրճուլաձեն նշել է, որ նոր որոշմամբ անձին տարկետման իրավունք կտրվի միայն մեկ անգամ։
«10 հազար լարիի դիմաց զորակոչը մեկ տարի հետաձգելուց հետո անձը նորից կզորակոչվի»,- ասել է Վրաստանի ՊՆ նախարարը:
Հարկ է նշել, որ Բուրճուլաձեն չի անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Նա խոստովանել է, որ դրա համար բազմիցս քննադատվել է: «Ինձ քննադատում էին պարտադիր զինվորական ծառայությունը չավարտելու համար, բայց ես օբյեկտիվ պատճառ ունեի՝ շատ երեխաներ ունեի եւ զինվորական ծառայությունն անցել եմ որպես ուսանող»,- ընդգծել է Վրաստանի ՊՆ նախարարը:
Ըստ Բուրճուլաձեի՝ գործող օրենսդրությամբ նախատեսված տարկետման պայմանները՝ առողջական վիճակ, ընտանեկան պայմաններ եւ այլն, մնում են ուժի մեջ։