Էդինբուրգի բնակիչը ամերիկյան eBay կայքում 40 ֆունտ ստեռլինգով (մոտ 49 դոլար) պատահաբար ձեռք է բերել ֆինն հայտնի նկարչուհի Հելեն Շերֆբեքի (1862-1946) նատյուրմորտը։ Ավելի ուշ մասնագետները ճանաչել են Հելեն Շերֆբեքի կտավն ու առաջարկել այն վաճառքի հանել աճուրդում։ Արդյունքում Շերֆբեքի նատյուրմորտը վաճառվել է 130 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 158 հազար դոլար):
«Անընթեռնելի ստորագրությամբ կտավը» eBay-ում գնել են պարզապես որպես տան դեկորատիվ տարր։ Ավելի ուշ, երբ գնորդը սոցցանցում հրապարակել է նատյուրմորտի լուսանկարը, օգտատերերը ճանաչել են ֆինն նկարչուհի Հելեն Շերֆբեքի «Սպիտակ վարդեր գավաթի մեջ» կտավը։ Bonhams աճուրդի տան փորձագետները հաստատել են, որ գործն, իրոք, պատկանում է Շերֆբեքի վրձնին եւ կտավին է հանձնվել 1880-ականների վերջին։
«Գնորդն այս կտավը գնել է՝ պատկերացում չունենալով ո՛չ դրա հեղինակի, ո՛չ էլ արժեքի մասին: Միայն շրջանակը, որն ավելի քան 100 տարվա հնություն ունի, 40 ֆունտից շատ ավելին արժե»,- պարզաբանել է աճուրդի տան արվեստաբան Լեո Վեբսթերը:
Շվեդական ծագումով մոդեռնիստ նկարչուհի Հելեն Շերֆբեքը հայտնի է «Վիրավոր զինվորը ձյան մեջ» (1880), «Վիլհելմ ֆոն Շվերինի մահը» (1886), «Ապաքինում» (1888) կտավներով: Շերֆբեքի մոդեռնիստական նկարները նրա ստեղծագործական կյանքի սկզբնական փուլում մեծ ճանաչում չեն ստացել: Նա համբավ է ձեռք բերել ավելի ուշ: Շերֆբեքի ամենահայտնի գործը՝ «Պարի կոշիկները», վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 3,6 միլիոն դոլար):