«Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Եվրասիա համագործակցություն», «Հրանտ Մաթեւոսյան», «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամների, Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի եւ Գյումրու Ինֆոտան ջանքերով իրականություն դարձավ Շիրակի մարզում։
Տեղի ունեցավ «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների հանրային քննարկում: Մասնակցում էին մարզի ՀԿ-ների, մարզային եւ համայնքային կառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Նախաձեռնողները եռամյա ծրագրի արդեն երկու տարվա աշխատանքների արդյունքները ի մի են բերել, ներկայացրել մեկ հարթակում: Որպեսզի բացահայտեն աղքատության պատճառները եւ հետեւանքները ամենաաղքատ՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում, կազմակերպիչները տնից տուն են մտել, լսել թե՛ քաղաքների, թե՛ գյուղերի բնակիչներին:
Ծրագրի նպատակներն ավելի հեռուն են գնում. երեք մարզերի համայնքային փորձը հաշվի առնելով՝ առաջարկում են աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումները կիրառել ամբողջ հանրապետության համար: Դեղատոմսը մարդկանց սոցիալապես ոտքի կանգնեցնելու համար գործիքների հզորացումն է, սոցիալական ձեռնարկությունների հիմնումը, ոչ թե աղքատության նպաստների անհեռանկար բաժանումը:
«Հետազոտական ռեսուրս կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը ցուցահանդեսի մասնակիցներին բացատրում է բազմաչափ եւ ֆինանսական աղքատության տարբերությունը. եկամտի եւ սպառողական զամբյուղի համադրումով կարող ես հասկանալ զուտ ֆինանսական աղքատության ցուցանիշը: Բազմաչափ աղքատությունն այլ է: Օրինակ է բերում. կարող ես ունենալ գումար, բայց չունենալ առողջապահությանը, տրանսպորտին, կապույտ վառելիքին, կրթությանն ու այլ կարեւոր գործոններին հասանելիություն:
Մանրակրկիտ ուսումնասիրությամբ պարզել են, որ բազմաչափ աղքատ են Շիրակի 15,9, Լոռու 16 եւ Տավուշի բնակչության 17,6 տոկոսը: Անհանգստացնող եւս մեկ փաստ են բացահայտել. քաղաքներում եւ գյուղերում բազմաչափ աղքատությունը խիստ տարբեր ցուցանիշ է գրանցել: Շիրակի մարզում, օրինակ, Գյումրիում 9,6, գյուղերում՝ 23,4 տոկոսն են բազմաչափ աղքատ: Կազմակերպիչները աղքատությունն ու անհավասար ռեսուրսների բաշխումը նվազեցնելու համար կարեւորում են ե՛ւ Կառավարության, ե՛ւ տեղական իշխանության, ե՛ւ ակտիվ հասարակության գործոնները: Բերված թվերը թույլ կտան հասկանալ եւ վերլուծել աղքատությունը, բյուջեն կազմելիս էլ վերանայել անփոփոխ մոտեցումները:
Ծրագրի այս փուլի վերջին կանգառը մայրաքաղաքում է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։