Willkie Farr & Gallagher LLP փաստաբանական ընկերությունը դեկտեմբերի սկզբին 19 հայ ներդրողների խմբի անունից, 1994 թվականի Էներգետիկ խարտիայի պայմանագրի (ECT) դրույթներից ելնելով, դատական վեճի ծանուցում է ներկայացրել Ադրբեջանի Հանրապետության դեմ:
Վեճն առնչվում է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի չճանաչված հանրապետության տարածաշրջանում տեղակայված 18 փոքր հիդրոէլեկտրակայաններում հայցվորների (կլիենտ) կատարած ներդրումներին: Նշված տարածքներն Ադրբեջանը հետ է գրավել 2020-ի վերջին՝ 44-օրյա զինված հակամարտության արդյունքում, որը հայտնի է որպես «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ»։
Ներդրողները հարյուր միլիոնավոր ԱՄՆ դոլարի փոխհատուցում են պահանջում Ադրբեջանից՝ իրենց ներդրումների բռնագրավման հետեւանքով Ադրբեջանի պատճառած վնասների, ինչպես նաեւ տվյալ պետության թույլ տված անարդարացի եւ անհամաչափ վերաբերմունքի, խտրականության եւ ECT-ի դրույթների եւ ընդհանուր միջազգային իրավունքի այլ խախտումների համար:
Սա հանրայնորեն առաջին հայտնի ներդրող-պետություն դատական վեճն է, որը ծագել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նման խմբային պահանջներով գործերը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին ավելի տարածում կունենան ներդրումային արբիտրաժում:
Willkie-ի թիմից Գրեգուար Բերտրուն, Սերգեյ Ալյոխինը եւ Դմիտրի Բայանդինը համագործակցում են Հայաստանում գործող փաստաբանների հետ:
Տեղեկանք
Willkie Farr & Gallagher LLP-ը մոտ 1100 փաստաբաններից բաղկացած միջազգային իրավաբանական ընկերություն է, որը գրասենյակներ ունի Բրյուսելում, Չիկագոյում, Ֆրանկֆուրտում, Հյուսթոնում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Միլանում, Նյու Յորքում, Պալո Ալտոյում, Փարիզում, Հռոմում, Սան Ֆրանցիսկոյում եւ Վաշինգտոնում: