Ուղիղ մեկ ամիս առաջ Իլհամ Ալիեւը ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացի հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստ է խոսելու «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների», բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ։
Ալիեւը Ռուբեն Վարդնայանին անվանեց «Ռուսաստանից հատուկ գործողված» եւ ասաց, որ Ադրբեջանը կխոսի նրանց հետ, որ «ապրում են եւ ապրելու են Ղարաբաղում»։ Ռուբեն Վարդանյանը նույն օրը արձագանքեց եւ իրեն բնութագրեց որպես բանակցողի՝ Ալիեւի սահմանած «չափանիշներին լիովին համապատասխանող»։
Ուշագրավ է, որ Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումից մի քանի օր առաջ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը ուրվագծել էր տեսլական, ինչից հասկացվում էր, որ Բաքվում «քննարկվում է Ղարաբաղի հայաբնակ տարածքների վարչական կառավարում ստեղծելու» հավանականություն։ «Թուրանը» գրել էր, որ Ռուբեն Վարդանյանը «կունենա տեղական բյուջե, ենթակառուցվածքների վերականգնման եւ արդիականացման ծրագիր»։ Դա, ըստ Բաքվի լրատվամիջոցի, «ռեինտեգրացիայի հնարավորություն կստեղծի»։
Ռուբեն Վարդանյանը պետնախարար նշանակվեց նոյեմբերի 4-ին։ Հաջորդ օրը Խրամորթի ուղղությամբ հնչեց ադրբեջանական կրակոցը։ Վարդանյանի պաշտոնավարման մեկամսյա «հոբելյանը» նշանավորվեց Լաչինի միջանցքում ադրեջանական «էկոակտիվիստների ակցիայով»։ Մինչ այդ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու մի քանի սադրանք իրականացվել էր Ամարասի հովտում, Ճանկաթաղում, Արցախի այլ համայնքներում։
Անշուշտ, վերջին միամիտը պիտի լինել՝ հավատալու, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը «մի առավոտ արթնացավ եւ որոշեց, որ գնում է փրկելու Արցախը»։ Մանավանդ ինքն էր խոստովանել, որ վերջնական որոշում կկայացնի խորհրդատվական հանդիպումներից հետո։
Նվազ արժանահավատ է նաեւ, որ նրան Արցախի պետնախարարի պաշտոնն ընդունելու «սուվերեն առաջարկ» Արայիկ Հարությունյանն է արել։ Գործ ունենք, երեւի, ինչ-որ «պայմանավորվածությունների» հետ, բայց գոնե «այսբերգի երեւացող մասի» առումով պիտի արձանագրել, որ Իլհամ Ալիեւ-Ռուբեն Վարդանյան «երկխոսությունը չի կայանում»։
Հարց է՝ փաստացի իրավիճակը դիմակայությա՞ն է, թե՞ «նախնական պայմանավորվածություններից հրաժարվելու հետեւանքով ճգնաժամի դրսեւորում» է։ Իլհամ Ալիեւը մինչ նոյեմբերի 17-ը Արցախի որեւէ պաշտոնյայի անվանապես երբեք չի վկայակոչել։ Թեւ ադրբեջանական վտարանդիության աղբյուրները «տեղեկացված են», որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Բաքու-Ստեփանակերտ բարձր մակարդակի շփումներ եղել են։ Նրանք, ի մասնավորի, տալիս են Ալիեւի աշխատակազմի բաժնի պետ Նաղդալիեւի եւ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նաղիեւի անունները, որ մի քանի «հանդիպում են ունեցել Արայիկ Հարությունյանի հետ»։
Որքանով են այս տեղեկությունները հավաստի՝ դժվար է ասել, փաստ է, որ նոյեմբերի 17-ին Ալիեւը հավաստել է, որ Արցախ-Ադրբեջան «երկխոսություն եղել է, կա եւ, եթե չխանգարեն, կլինի»։
Ով կարող է խանգարել՝ Ալիեւը փակագծեր չի բացել։
Դրանից երկու շաբաթ անց Լաչինի միջանցքի արգելափակումը, թերեւս, նաեւ «մեսիջ» է, թե ում է որպես «արցախյան կողմից բանակցող» տեսնում Ալիեւը։
Իհարկե, Շուշիի մոտ «բնապահպանական ակցիան» աշխարհաքաղաքական կոնտեքստ ունի։ Հարցն այն է, թե ինչով կամ ի դեմս ում է, որ Արցախի ներկայիս իշխանությունը «չի համապատասխանում խնդրի քննարկման բարձր մակարդակին»։
Այլապես ինչո՞ւ Իլհամ Ալիեւը Լաչինի միջանցքը չի արգելափակել օգոստոսին։ Կամ՝ «էկոլոգիական ակցիան» ինչո՞ւ չի իրականացվում Հայաստանի հետ Լաչինի միջանցքի «շփման կետում»։ Էմոցիոնալ ֆոնը, երեւի, պետք է միայն քարոզչական նպատակներով օգտագործվի։
Բուն խնդիրը, կարծես, Ստեփանակերտում է։ Որն է Իլհամ Ալիեւ-Ռուբեն Վարդանյան «կոշտ դիմակայության» աշխարհաքաղաքական ենթատեքստը, ինչ հանգուցալուծում կարելի է առնվազն երեւակայել՝ լուրջ վերլուծության հարցադրումներ են։ Միանշանակ է, թերեւս, որ Ռուբեն Վարդանյանը Իլհամ Ալիեւին «հաղթել չի կարող»։ Բայց, հավանաբար, նրան ինչ-որ «ոչ հրապարակային համաձայնությունների» դաշտ բերելու խնդիր Ռուբեն Վարդանյանն ունի։ Ինտրիգն այն է, թե այդ «դեպքում» որն է Արցախի ժողովրդի իրական շահը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։