Ըստ DPA-ի՝ Գերմանիայում Ռուսաստանի նկատմամբ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցների իրականացման շրջանակում սառեցված ռուսական ակտիվների ընդհանուր արժեքը 5,046 միլիարդ եվրո է։ Նշված գումարից 2,2 միլիարդ եվրոն այն բանկային միջոցներն են, որոնք սառեցրել են գերմանական բանկերը եւ համապատասխան ընթացակարգով ներկայացրել Գերմանական դաշնային բանկին կամ Բունդեսբանկին։ 1,1 միլիարդ եվրոն այսպես կոչված «շարժական գույքն» է։ Այլ մանրամասներ գերմանական դաշնային կառավարությունը չի տրամադրել, ի պատասխան խնդրո առնչությամբ Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Գյորկեի հարցման։ Հայտնի է նաեւ, որ վերջին մի քանի ամիսներին ռուսական ընկերություններն ու ֆիզիկական անձինք Գերմանիայում ունեցած իրենց ակտիվների մասին հաշվետվություններ չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ հունիսին Գերմանիայում ռուսական սառեցված ակտիվների ընդհանուր ծավալը 4,48 միլիարդ եվրո էր։ Ընթացիկ տարվա մայիսին Գերմանիայում ընդունվել է հակառուսական պատժամիջոցների իրականացման մասին օրենք, որը նախատեսում է պատժամիջոցների կատարման ընթացքին հետեւող գերատեսչությունների համագործակցության ամրապնդում եւ տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի պարզեցում։
Ըստ Bild պարբերականի՝ ՌԴ եւ Բելառուսի քաղաքացիներից, ինչպես նաեւ ռուսական եւ բելառուսական ընկերություններից, որոնք ԵՄ պատժամիջոցների «սեւ ցուցակում» են, 61 վիճարկող հայց է ներկայացվել Լյուսքեմբուրգում գտնվող Եվրոպական դատարան։
Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ տարվա նոյեմբերին ԵՄ-ն հայտարարել էր, որ սառեցրել է ռուսական ծագման 68 միլիարդ եվրոյի ընդհանուր արժեքով ակտիվներ։
Պատրաստեց Արման Գորիգորյանը