Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի Լաչինի միջանցքի փակման մասին արտահերթ համատեղ զեկույցը՝ առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ բովանդակային տեղեկություններով հանդերձ, ներկայացվել է ՄԻՊ-ի մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին: Զեկույցը հղվել է նաեւ հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, ներառյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին եւ այլոց։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել նաեւ անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները եւ կոչ արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
Միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, ներառյալ տարեցների, երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա:
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տեղեկություններ եւ փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետեւանքով մարդու իրավունքների տեւական խախտումների եւ հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։