Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ սմարթֆոններ եւ հաղորդակցական սարքավորումներ արտադրող չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը Ռուսաստանում փակում է մասնաճյուղերից մեկը։ Տեղեկատվական-կամունիկացիոն տեխնոլոգիաների, տվյալների պահպանման համակարգերի եւ հեռահաղորդակցության սարքավորումների կորպորատիվ վաճառքով զբաղվող Enterprise Business Group-ը գործունեությունը կդադարեցնի հունվարի 1-ից։ Մասնաճյուղում աշխատում է մոտ 2 հազար մարդ։ Նրանց առաջարկվել է ազատվել կամ տեղափոխվել ԱՊՀ այլ երկրներ։
Ռուսաստանյան գրասենյակն ընկերությունը դեռ կպահպանի։ Չինական տեխնոհսկայի մասնաճյուղից տեղեկացրել են, որ պատրաստ են Ռուսաստանում վերականգնելու գործունեությունը ամբողջ ծավալով՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Enterprise Business Group-ից հայտնել են, որ նման որոշում են ընդունել՝ հաշվի առնելով երկրորդային պատժամիջոցների ստեղծած ռիսկերը։
Այս ամենով հանդերձ, Huawei-ն կպահպանի իր բիզնես ներկայությունը Ռուսաստանում, կշարունակի վաճառել սպառողական էլեկտրոնիկա եւ պահպանել իր հետազոտական կենտրոնները։ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի եւ Նովոսիրբիրսկի այդ հետազոտական կենտրոններում մշակվում են նաեւ 5G ստանդարտի կապի տեխնոլոգիաները, խոսքի գեներացման, համակարգչային տեսողության, լրացված եւ վիրտուալ իրականության, ինչպես նաեւ մեքենայական ուսուցման ոլորտներին առնչվող տեխնոլոգիաներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը