Գողթանիկը մեկն է վայոցձորյան այն գյուղերից, որ ամռանն աղմկոտ են, ձմռանը՝ ցրտաշունչ ու լուռ: Հարեւան բնակավայրերի նման Գողթանիկն էլ ժամանակի ընթացքում վերածվել է սեզոնային գյուղի, ամռանը գյուղատնտեսությամբ են զբաղվում, ձմռանը՝ տեղափոխվում:
Տարվա տաք ամիսները Գողթանիկում անցկացնող տատը գյուղ մտած հազվագյուտ հյուրերի հետ սիրով է զրույցի բռնվում, բայց մինչեւ շփվելն առաջարկում է իր անունը գուշակել: Հուշում է՝ գյուղի քիչ հյուրերի նման քաղցր է իր անունը: Քաղցրիկ, Անուշիկ ու էլի մի քանի անուն ենք տալիս ու հանձնվում: Հաղթական ժպտում է՝ Նաբաթ է անունը: Արտաբույնքից է Նաբաթ տատը: Տարիներ շարունակ ամուսնու հետ են եկել Գողթանիկ, անասուն պահել, ձմռանը տեղափոխվել: Արտաբույնքում արոտավայրերը քիչ են: Մի քանի տարի է՝ հավատարիմ ընկերը մահացել է: Ասում է՝ քանի ոտքով-ձեռքով է, մենակ գալիս է Գողթանիկ, թոռներն էլ հաճախ այցելում, օգնում են, չգիտի՝ դեռ քանի տարի կգա։
Գյուղ տանող մոտ յոթ կիլոմետրանոց ճանապարհը քարուքանդ է: Ձմռանը մի քանի մետր ձյունը հաճախ օրերով կանգնեցնում է աշխարհի հետ կապը, եթե առանց դադարի է գալիս: Բնակավայրի վարչական ղեկավարը տարվա մի քանի սեզոնի կազմակերպում է՝ գյուղացիներով բահ ու քլունգ առած գնում, փոսալցում են անում: Ճանապարհը մինչեւ հաջորդ անձրեւ գալը դիմանում է: Տարիներ շարունակ վերանորոգման հույս կա, գործողություն՝ ոչ: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում են՝ թե մեկը ձմռանը մահանա, սահնակով են իջեցնելու:
Բնակավայրի վարչական կենտրոնի օպերատորն էլ է Արտաբույնքից: Երիտասարդ Բորյա Գաբրիելյանի ընտանիքը Գողթանիկում տուն ունի, սեզոնին այդտեղ գյուղատնտեսությամբ է զբաղվում: Բորյան այն փոքրաթիվ երիտասարդներից է, որ Երեւանում կրթություն ստանալուց հետո որոշել են վերադառնալ: Ասում է՝ ինքը ոչ մի անգամ գյուղի հետ կապը չի կտրել: Գյուղատնտեսությունն էլ սիրելու հարց է, պիտի սիրով անես, որ արդյունք լինի, իսկ երիտասարդների աչքը դրսում է, այնտեղ դժվարությունները տանելի են թվում:
Գյուղի իննամյա դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Կառլոս Աղաբաբյանը համաձայն է՝ հիմա ջահելներն իրենց ապագան գյուղի հետ կապել չեն ուզում: Մեղադրելու չէ՝ պայմաններ, հնարավորություններ չկան: Սովորում են, մնում անաշխատանք: Ուսուցչի ընտանիքը 90-ականներին է Նախիջեւանից նախկին ադրբեջանաբնակ Գողթանիկ տեղափոխվել: Կառլոսը հիշում է՝ այդ տարիներին հարեւան գյուղում գործարան կար, մի քանի բնակավայրերի բնակիչներ աշխատում էին, եկամուտ ստանում: Հիմա գյուղի միակ գործատուն վարչական կենտրոնն ու դպրոցն են, որ մի քանի հաստիք են առաջարկում: Ուսուցիչների մեծ մասն էլ հարեւան գյուղերից է գալիս, Գողթանիկում կադրեր չկան:
Փոքրիկ դպրոցի ուսուցչի աշխատավարձն էլ քիչ է: Կառլոսը ընկույզի մշակությամբ է զբաղվում: Թե տարին բերքառատ է լինում, ցուրտն ու կարկուտն էլ չեն վնասում, վաճառքի խնդիր չի լինում:
Գալիս գյուղից տանում են՝ կիլոգրամը 1000-1800 դրամով: Խնձորի բերքի իրացումն է դժվար: Գնորդ չկա, բերքը ծառերի տակ չիր է դառնում:
Գրետա տատի այգին գյուղում ամենակոկիկն է, բայց վերջին տարիներին բերքը մենակ հավաքել չի կարողանում: Հարեւաններն են օգնում․ բակի խնձորի ծառերը հերթով կտրվում են: 90-ականներից Գողթանիկում ապրած, հաշվապահ աշխատած Գրետա տատն ասում է՝ այդքան տարվա ընթացքում առաջին անգամ 2022-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում է վախեցել: 44-օրյա պատերազմից հետո Գողթանիկը սահմանից մի քանի կիլոմետր է բաժանում: Գյուղում կրակոցների ձայները չեն լսվել, բայց իմացել են՝ թշնամին մոտ է: Տատն ասում է՝ ամեն ձայնից վեր է թռչել, հարեւաններին էլ խնդրել՝ թե գնալու լինեն, իրեն չմոռանան:
Լավն են Գրետա տատի հարեւանները, վստահ է՝ չեն մոռանա: Փոքրիկ գյուղում հարեւաններով մի առօրյայով էլ ապրում են, միասին սրճում, ճաշում, բանջար «կալ» անում՝ հյուսում: Խանութ չունեցող գյուղում գիտեն՝ թե մի բանը պակասի, հարեւանի տանը հաստատ կգտնվի: Շատինից Գողթանիկ հարս եկած Սուսաննա Սմբատյանը Գրետա տատի ամենասիրելի հարեւանուհին է, նրա երկու աղջիկները՝ ուրախությունը:
Հնգամյա աղջիկը հաջորդ տարի կհամալրի տասներեք աշակերտով դպրոցը: Հիմա օրն անցկացնում է բակում՝ երկու ընկերուհիների հետ: Երեխաները միայն զիլինա են խաղում. փոքրիկները քիչ են, «մեծ» խաղերի թիմ չի հավաքվում: Սուսաննան սրտնեղում է՝ մանկապարտեզ չկա, հարեւան բնակավայրեր տանելն էլ հեշտ չէ, հատկապես ձմռանը:
Մինչ շատ ընտանիքներ ստիպված հեռանում են Գողթանիկից կամ դառնում սեզոնային բնակիչ, Հայարփի Մնացականյանի նորաստեղծ ընտանիքը Եղեգնաձորից Գողթանիկ բնակության է տեղափոխվել: Այգեգործությամբ են զբաղվում, սեզոնին մասուր, կանաչի հավաքում: Հայարփին սիրում է գյուղը, բայց դժվարություններն էլ քիչ չեն՝ ջրի ու ճանապարհի խնդիր, գազի բացակայություն: Իրենց խմելու ջրի հարցն էլ չի լուծվում. դուռ չի մնացել՝ չծեծեն:
Հայարփին չգիտի՝ մեկամյա երեխայի հետ կշարունակե՞ն ապրել Գողթանիկում, թե՞ իրենք էլ քարուքանդ ճանապարհով կհեռանան, բայց վստահ է՝ թե պետական ու մասնավոր կառույցներից մի հայացք գցեն այդ գյուղի ուղղությամբ, հեշտությամբ լուծում կգտնեն, որ Գողթանիկից գաղթը դադարի։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: