ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել եւ հաստատել հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմն ապօրինաբար օգտագործում է Լեռնային Ղարաբաղում գտնվող հանքային ռեսուրսները։
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի` Ադրբեջանն ավելի վաղ հայտնել էր, որ Լաչինի միջանցքի շրջանում բողոքի ցույցերն ուղղված են (ինչպես հայտարարում են դրանց մասնակիցները) «հանքային ռեսուրսների ապօրինի օգտագործման եւ շրջակա միջավայրի համար դրա հետեւանքների դեմ»:
«ՄԱԿ-ը, որը ներկա չէ ո՛չ Լաչինի միջանցքում, ո՛չ էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, չի կարող ստուգել եւ հաստատել այդ պնդումներն ու մեղադրանքները»,- ասել է Ենչան: Միեւնույն ժամանակ, գլխավոր քարտուղարի օգնականը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել կատարելու պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն պարտավորությունները՝ համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ հետագայում համաձայնեցված հայտարարությունների»,-ասել է Ենչան։
Բացի դրանից՝ նա Երեւանին եւ Բաքվին հորդորել է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալու Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության վերսկսումը, որի հետեւանքները կարող են անդրադառնալ ամբողջ Հարավային Կովկասի վրա: