Ըստ հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինիի՝ գալիք 2023 թվականը համաշխարհային տնտեսության համար բավականին բարդ է լինելու։ Financial Times-ի հետ զրույցում նա նշել է, որ համաշխարհային տնտեսությունը ներկայում նման է «դանդաղ կազմաքանդվող գնացքի», եւ վերահաստատել, որ ամերիկյան տնտեսության համար հաջորդ տարին լինելու է անկումային։ Սա նշանակում է, որ մարդիկ հաջորդ տարի պետք է լինեն «բարձր պատրաստականության» վիճակում, քանի որ երեք հիմնական գլոբալ խնդիրներ կան, որոնք հաջորդ տարի շարունակելու են մնալ գլոբալ օրակարգում։ Դրանք են սղաճը, կլիմայի փոփոխությունները եւ ռազմական հակամարտությունների վտանգները։
Տնտեսագետի կարծիքով հին եւ նոր խնդիրների միաձուլումը համաշխարհային տնտեսության համար բավականին լուրջ վտանգներ են ստեղծում, ինչն իրեն զգալ է տալու հաջորդ տարի։ «Սղաճի, արհեստական բանականության, կլիմայական փոփոխությունների եւ Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հավանականության զուգորդումը ստիպելու է մարդկանց մշտապես լինել «բարձր պատրաստականության» վիճակում, իսկ հաջողության հասնելու համար հարկ կլինի գրեթե աննախադեպ տնտեսական աճ ապահովել եւ պահպանել գլոբալ համագործակցությունը»։
Ռուբինին քննադատել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ սղաճը թերագնահատելու համար, եւ նախազգուշացրել է, որ հաջորդ տարի լիովին հավանական է, որ ամերիկյան տնտեսությունում սկսվի ռեցեսիա։ Ըստ նրա՝ հաջորդ տարի ամերիկյան տնտեսությունը կարող է «համարյա կոշտ վայրէջք կատարել»։ ԱՄՆ-ի համար Ռուբինին հաջորդ տարի կանխատեսել է 7,1 տոկոսանոց սղաճ, 3,7 տոկոսանոց գործազրկություն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը