Միազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման վտանգների մասին։
Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին լքել շրջանը։ Ավելի քան հազար մարդ արգելափակման մեջ են այս կամ այն կողմից եւ չեն կարողանում հասնել իրենց տները: Նրանց թվում կան տասնյակ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդությամբ մեկնել էին Հայաստանի մայրաքաղաք Երեւան, եւ այժմ նրանց արգելված է վերադառնալ իրենց տները՝ ծնողների մոտ։
Ադրբեջանի իշխանությունները եւ ռուս խաղաղապահները պետք է ապահովեն ազատ տեղաշարժը
«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատեւ արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետեւանքների»,- ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները եւ այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն ազատ տեղաշարժը եւ մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին ու ծառայություններին։ Որքան երկար տեւի հիմնական ապրանքների մատակարարման եւ ծառայությունների իրականացման խափանումը, այնքան ավելի մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար»:
Խաղաղապահների բեռնատարների բեռները նախատեսված չեն եղել ԼՂ հանրության համար
Մինչ ճանապարհը փակ է հանրության եւ ապրանքների փոխադրման համար, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական խաղաղապահ ուժերի մի քանի բեռնատարների, որոնք ենթադրաբար հումանիտար ապրանքներ են պարունակում, թույլատրվել է անցնել, թեեւ պարզ չէ, թե ում համար են նախատեսված այդ բեռները: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Human Rights Watch-ին ասել է, որ դրանք նախատեսված չեն եղել Լեռնային Ղարաբաղի հանրության համար:
Անկախ նրանից՝ ցուցարարներն իրակա՞ն բնապահպանական մտահոգություններ ունեն, թե՞ այլ դժգոհություններ, Ադրբեջանը պետք է նպաստի խաղաղ բողոքի իրավունքի իրացմանը՝ ապահովելով բաց ճանապարհ, բողոքի ցույցը չզրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնական ծառայություններից օգտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքից:
Հայտարարության մեջ շեշտվել է, որ հումանիտար իրավիճակն ավելի էր սրվել ԼՂ բնական գազի մատակարարման խափանմամբ, քանի որ Հայաստանից մատակարարվող գազի խողովակաշարերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջաններով: