ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լաչինի միջանցքի թեմայով նիստում ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեեւան ընդգծել է տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը: ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ կողմերը եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորություններով պետք է ամբողջությամբ պահպանեն դրանք եւ խոչընդոտներ չստեղծեն դրանց իրականացման համար։ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի»,- ընդգծել է Եվստիգնեեւան։ Նա շեշտել է, որ ՌԴ-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։
Գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով
ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Ռ. Ռավինդրան նիստում հայտնել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետեւանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։ «Գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնելու լարվածությունը եւ ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին»,- ասել է Ռավինդրան։
Անհապաղ եւ առանց նախապայմանների վերականգնել անվտանգ տեղաշարժը
ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ Մարտին Գեյլը ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է, որ առանց կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման ԼՂ բնակչությունն այս ձմեռ անկասկած կառերեսվի մարդասիրական աղետի։ «Որպես Անվտանգության խորհուրդ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ խուսափելու սրանից եւ կանխելու հերթական մարդածին աղետը, որը զարգանում է մեր աչքի առաջ։ Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ եւ առանց նախապայմանների վերականգնելու ազատ եւ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,- ընդգծել է Իռլանդիայի ներկայացուցիչը։
Քաղաքացիական անձանց վտանգող ցանկացած իրավիճակից պետք է խուսափել
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեքսիկայում անհանգստացած են ստեղծված իրադրության մարդասիրական հնարավոր հետեւանքների համար՝ պայմանավորված շատ ծանր եւ մտահոգիչ պայմաններում մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու անհնարինության հետ։ «Մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելափակման շարունակումը մեզ շատ է մտահոգում, ուստի կոչ ենք անում ապահովելու ազատ տեղաշարժը միջանցքի ամբողջ երկայնքով։ Կոչ ենք անում հետեւելու միջազգային իրավունքի՝ մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»,- ասել է ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը։
Զերծ մնալ ապատեղեկատվության եւ կեղծ տեղեկության տարածումից
ՄԱԿ-ում Քենիայի ներկայացուցիչը ԱԽ նիստում հայտարարել է, որ Քենիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի տեւական արգելափակման վերաբերյալ տեղեկություններով։ Կողմերն, ըստ նրա, պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն եւ զերծ մնան որեւէ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը, զերծ մնան ապատեղեկատվության եւ կեղծ տեղեկության տարածումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ «Դա կարող է խուճապ սերմանել բնակչության շրջանում՝ խաթարելով փոխըմբռնումը եւ խաղաղությունը»,- հայտնել է Քենիայի ներկայացուցիչը։
Միջանցքով տեղաշարժի սահմանափակումն հետ է մղում խաղաղության գործընթացը
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների հատուկ քաղաքական հարցերով ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումն ու դրա հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակը հետ է մղում խաղաղության գործընթացը։ «Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում եւ միջանցքի անվտանգության համար պատասխանատու կողմերին հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Միջազգային հանրությունն էլ պետք է իր դերը կատարի այս հարցում: Վաշինգտոնը, գործընկերների հետ համակարգմամբ, պատրաստ է դյուրացնել կողմերի միջեւ երկխոսությունը:
Մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի է համարել: Մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են: Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ընդգծում, որ Ադրբեջանի հանձնառության համաձայն՝ Լաչինի միջանցքով պետք է երաշխավորվի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղությամբ: Ֆրանսիան նաեւ կոչ է անում հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների համար: Փարիզը կշարունակի սատարել կողմերի միջեւ երկխոսությանն ուղղված ջանքերին:
Շարունակում է հորդորել, որ միջանցքը վերաբացվի
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին նշել է, որ ուրախ է գազամատակարարումը վերականգնման համար, սակայն շարունակում է հորդորել, որ միջանցքը վերաբացվի։ Լաչինի միջանցքը մեկ շաբաթից ավելի է փակ է, մարդասիրական վտանգներ են առաջացրել՝ հատկապես ձմռան ամիսներին։ Բրիտանիան կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ եւ աջակցում է բանակցային ջանքերին:
Վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը իր հերթին շեշտել է, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ խնդիրը կհանգուցալուծվի։ Չինաստանը խրախուսում է վեճերի կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա։
Լաչինի միջանցքով երթեւեկության վերականգնումը կարեւորել են նաեւ Բրազիլիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գանան, Գաբոնը եւ ՄԱԿ-ի այլ անդամ երկրներ՝ հորդորելով բանակցել՝ կարգավորելու առկա խնդիրները եւ դասեր քաղել անցյալից: