Եկեք հասկանանք՝ մեր տեսանկյունից Ղարաբաղում ինչ կարող է անել Ռուսաստանը: Մենք նրանից սպասում ենք ավելին: Իսկ ինքը չի կարող անել ավելին: Այո՛, երաշխավոր է, բայց միջազգային բոլոր օրենքներով երաշխավոր է Ադրբեջանի հողի վրա: Կարո՞ղ է դիմել ուժի ու բացել Լաչինի ճանապարհը: Ո՛չ, չի կարող: Դա կարող էին անել միջազգային զորախումբ ունեցող խաղաղապահ ուժերը: Ռուսաստանը կարող է միայն բանակցել Ադրբեջանի հետ:
Բանակցել նշանակում է ընդունել Ադրբեջանի թեկուզ անհեթեթ, թեկուզ գոյություն չունեցող որոշ իրավունքներ, որովհետեւ Ադրբեջանի քմահաճույքները, համաձայն ենք, թե ոչ, լեգիտիմ են: Դրանք ոչ լեգիտիմ կդառնան, հենց լինի մի փաստաթուղթ, որը կընդունի ու կերաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, ու նրանց գոյության իրավունքը երկաթյա է, նրանց գլխից ոչ մի մազ չպետք է պակասի Ադրբեջանի մեղքով:
Իսկ հիմա Ռուսաստանն անում է այն, ինչ կարողանում է անել: Իհարկե, նրա համար գոյություն չունեն ղարաբաղցու սիրուն աչքեր, Հայաստանի կամ Ադրբեջանի սիրուն աչքեր: Նա այդ ճանապարհը կբացի, բայց ինքն էլ գիտի, որ մի քանի օրից ճանապարհը կրկին կարող է փակվել, որովհետեւ խնդիրը հո միայն Կաշենի հանքերը չեն: Մի խոսքով՝ Ղարաբաղը մի մեծ «բազարի» դաշտ է Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար, որտեղ Ադրբեջանը գին գցողն է:
Վաղը կարող են պահանջել, որ Ղարաբաղի ոստիկանության պետի տեղակալը լինի ադրբեջանցի, ու չքննարկել անգամ, որ գոնե՝ ոչ թե պետի տեղակալը, այլ վարչության պետերից մեկը: Մյուս օրը կարող են պնդել, որ Ստեփանակերտի կենտրոնում դրված Ստեփան Շահումյանի արձանի տեղը լինի Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը խորհրդանշող որեւէ քանդակ: Ամեն ինչ կարող են պնդել, միայն սիրտներն ուզի: Այսինքն՝ պնդել ոչ թե որ լինի, այլ որ «բազար» բացեն Ռուսաստանից ինչ-որ այլ հարցով ինչ-որ զիջման համար: Գուցե գա ժամանակը, եւ Ադրբեջանը հասկանա, որ եթե չի կնքվում խաղաղության պայմանագիր, ուրեմն մինչպայմանագրային ժամանակաշրջանը պետք է օգտագործել Ղարաբաղի հայերին հնարավորինս շատ ջլատելու ուղղությամբ:
Ի՞նչ կարող է անել Հայաստանը: Իհարկե, ոչինչ: Հայաստանի ձեռքերը կապված են պարտությամբ, միջազգային օրենքներով ու Ռուսաստանով, որովհետեւ Ռուսաստանը բարեկամ է նաեւ Ադրբեջանին, եւ համաձայն ենք, թե ոչ, ավելի բարեկամ է, քան մեզ: Մենք կարո՞ղ ենք հաշվի չնստել Ռուսաստանի հետ: Իհարկե, կարող ենք: Բայց չպետք է մոռանալ, որ Ղարաբաղից հեռացողը Ռուսաստանն է, որից հետո Հայաստանն այնտեղ մտնել չի կարող: Նույնիսկ հիմա չի կարողանում մտնել:
ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելը լավ գաղափար էր: Այնտեղ Ռուսաստանը հնչեցրեց հարցի լուծման իր տեսակետը: Նա մեզ էլ, ադրբեջանցիներին էլ, ամբողջ աշխարհին էլ հասկացրեց, որ հենց հիմա Ղարաբաղում հայերի գոյության իրավունքի հարց չկա, ադրբեջանցիներն ուզում են մտնել միջազգային բոլոր փաստաթղթերով իրենց պատկանող Կաշենի հանք: Չթողնել չեն կարող: Չթողնելու գինը Լաչինի միջանցքի այս պահի ճգնաժամն է:
Ո՛չ Հայաստանը կարիք ունի սա հասկանալու, որը ոչ մի լծակ չունի ճգնաժամի վրա, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ մնացած աշխարհը: Հայաստանը, մնացած աշխարհը, Ռուսաստանը, Ադրբեջանն իրենց հողերից գնալու տեղ չունեն: Սա կարիք ունի հասկանալու Լեռնային Ղարաբաղը, որը չի ուզում, չի պատկերացնում ու չի կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: