Ըստ Kurdistan24-ի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում հայտարարել է, որ մինչ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածությունը շարունակվում է, Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ F-16-ների եւ արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ բանակցություններ են ընթանում։
Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում նա ասել էր. «եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։ Նա Էրդողանի հայտարարությունները ոչ միայն մտահոգիչ, այլեւ անընդունելի է համարել։
«Եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ կանգնելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, եթե խաղաղ հայ բնակչությանը սպանելու համար Ադրբեջանին զենքով աջակցության դեմ լինելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ասելը, թե Թուրքիան պետք է ճանաչի Հարավային Կիպրոսը եւ հարգի Հունաստանի տարածքային ամբողջականությունը, ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ապա ես հպարտությամբ կկրեմ այդ կոչումը»,- հավելել է նա:
«Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես չեմ հաստատի F-16-ների վաճառքը, քանի դեռ Էրդողանը չի դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը ամբողջ տարածաշրջանում»,- եզրափակել է Մենենդեսը։