Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Իր որոշման մասին նա հայտնել է Գերագույն մեջլիսի դեկտեմբերի 21-ի նիստում։
Այդ հրաժարականը կապում են Նախիջեւանում բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումների հետ, Բաքուն շարունակում է տասնյակ պաշտոնյաների կալանավորումներն ու ստուգումները պետական գերատեսչություններում։
Ըստ փորձագետների՝ ուժային կառույցների թիրախում հիմնականում «Նախիջեւանի անձեռնմխելի խան», մինչեւ վերջերս Հեյդար Ալիեւի մտերիմ համարվող Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն է: Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է վերջ դնել նրա 27-ամյա կառավարման ժամանակաշրջանին։
1995-ից առ այսօր Թալիբովը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն է։ Ըստ տեղեկությունների՝ նա իշխանության է հասել Հեյդար Ալիեւի եղբոր դստեր՝ Սեւիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ։ Թալիբովին փոխարինելու է նրա առաջին տեղակալ Ազեր Զեյնալովը: