Ըստ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի՝ բոլոր հարցերի լուծման լավագույն տարբերակը սեղանի շուրջն անցկացվող բանակցություններն են:
«Իրանը միշտ ներկայացրել է իր դիրքորոշումը Կովկասի տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, եւ դրանք միշտ եղել են հստակ: Իրանի ուշադրության կենտրոնում միշտ եղել է տարածքային ամբողջականությունը եւ հարգանքը միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Բազմիցս նշվել է եւ շեշտադրվել է հումանիտար հարցերի կարեւորությունը Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրների առնչությամբ»,- ասել է դիվանագետը։ Զոհուրին հույս է հայտնել, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի։
Գերմանիայի կառավարությունը եւս դատապարտել է․ Ռիխտեր
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումն անընդունելի է, հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա։
Զրուցակիցները քննարկել են Լաչինի ճանապարհի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգների մասին։ Ավանեսյանը կարեւորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն եւ կանխեն հնարավոր աղետը:
«Գերմանիայի կառավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանը եւս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով»,- ասել է դեսպանը։