«Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում.․․»։ Իմ համոզմամբ, Վանո Սիրադեղյանի գրած այս նախադասությունը Հայաստանի քաղաքական համակարգի եւ մտածողության ամենաճշգրիտ եւ ամբողջական գնահատականն է, քանի որ տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք հենց սանձարձակ երեւակայության հաղթարշավի պայմաններում։
Իմ համոզմամբ անկախության շրջանի թերեւս ամենամեծ քաղաքական միֆը կապված է եղել հայ-ռուսական փոխհարաբերությունների սխալ մեկնաբանության հետ։
Մասնավորապես մինչեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը տիրապետող էր այն տեսությունը, թե հնարավոր է ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորել, քանի որ Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա եւ կզսպի Թուրքիայի միջամտությունը։ Ավելին՝ status quo-ի պահպանման ամենահիմնարար երաշխիքը Մոսկվայի ռազմաքաղաքական աջակցությամբ անմատչելի ամրոց դառնալն էր։
Չգիտես ինչու, մարդիկ համոզված էին, թե պատերազմի հակառակորդներ են նաեւ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Իրանը, իսկ սրանց համատեղ միջամտությամբ իբրեւ թե հնարավոր կլիներ կանխել ադրբեջանական ագրեսիան։ Հատկապես գերագնահատվում էր Իրանի գործոնը, իսկ Թուրքիայի դերակատարությունն էլ հաճախ մոռացության էր մատնվում։
Բայց 2020 թվականի ջախջախիչ պարտությունը եկավ ապացուցելու, որ վերջին տասնամյակներին արտադրված քաղաքական տեսությունները ընդամենը ներքին սպառման պարզունակ եւ իրականությունից կտրված հեքիաթներ են։ Առաջին հերթին պարզ դարձավ, որ Ռուսաստանը status quo-ի պահպանման վերաբերյալ որեւէ խոստում չի տվել, ընդհակառակը՝ հետեւողական ջանքեր է գործադրել դրա փոփոխության վերաբերյալ եւ հաջողության չհասնելուց հետո նույնիսկ համաձայնել Հայաստանի ջախջախման սցենարին։
Իրականում ամեն ինչ շատ հստակ է ու կանխատեսելի․ բյուզանդական խորամանկությամբ եւ Ոսկե Հորդայի աննահանջ կեցվածքով այդ կայսրությունը, որը վերջին 300 տարիներին ոչ մի խաղաղ օր չի տեսել, չէր կարող հանուն հարավկովկասյան երկրորդական նշանակության ինչ-որ ֆորպոստի փոփոխության ենթարկել իր քաղաքական կուրսը Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։
Այսպիսի պայմաններում Հայաստանի պես երկրները միայն մեկ փրկություն կարող են ունենալ․ հակադրության մեջ չմտնել կայսրության քաղաքականության հետ, հատկապես այն դեպքում, երբ դա կարող է բխել նաեւ նրա շահերից։ Իսկ սրա համար էլ անհրաժեշտ է ազգային նպատակներն ու ծրագրերը որքան հնարավոր է մոտեցնել կայսրության քաղաքական կուրսին եւ փորձել օգուտներ քաղել դրանից։ Այս ճշմարտության ընկալումը հատկապես կարեւորվում էր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշումները հաշվի առնելով, քանի որ ինչպես պարզ դարձավ, այդ խաղացողները նույնպես հիմնարար շահագրգռություններ ունեն Հարավային Կովկասում խախուտ խաղաղության վերաձեւման գործում։
Այսինքն՝ գալիս ենք այն եզրակացության, որ տարիներ շարունակ հայ քաղաքական միտքը զբաղվել է միֆարտադրությամբ եւ ոչ ավելին։ Իսկ Վանոյի նկարագրած սանձարձակությունն ամենեւին էլ նահանջելու մտադրություն չունի եւ սեփական անսխալականությունը հիմնավորելու համար պատրաստ է կառչելու նույնիսկ ամենաստոր պատրվակից։
Քաղաքական միֆի ամենամեծ առանձնահատկությունը դրա ունիվերսալ բնույթն է։ Հենց այդ պատճառով էլ, ըստ Ռոլան Բարտի, միֆերի դեմ հնարավոր չէ պայքարել, քանի որ դրանք կերպափոխվելու, տրանսֆորմացվելու եւ նոր առանձնահատկություններով հանդես գալու ունիվերսալ հատկություններ ունեն։
Այսինքն՝ միֆական համակարգը մի կերպարանքում կարող է սպառվել ու ժամանակավրեպ դառնալ, բայց հարություն առնել ու արդյունավետ դրսեւորվել այլ մարմնով եւ մաշկի գույնով։
Օրինակ՝ վերեւում շեշտադրված այն միֆը, թե Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա եւ կարգելակի Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան, ակնհայտորեն սպառվել է, բայց սրանից ամենեւին էլ չի հետեւում, թե քաղաքական մտածողությունը միֆազերծվել է, ու մարդիկ սկսել են իրերը դիտարկել մաքուր վիճակում։
Ընդհակառակը՝ այդ միֆի անխուսափելի վախճանը դարձել է մեկ այլ կործանարար միֆի ստեղծման պատճառ, որն է՝ Ռուսաստանի դավաճանությունը ռուս-թուրքական տանդեմի համատեքստում։ Այսինքն՝ իր մահով այն ծնել է իր հակապատկերը, որը նույնպես հավակնում է տարիներ շարունակ պետությունը պատանդ պահել իր ճիրաններում։
Վերջերս հարցազրույցի էի հրավիրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։ Եթերից դուրս սուրճ խմելու հետ մի երկու բառ փոխանակեցինք նաեւ Հայաստանում լայն թափ հավաքող հակառուսական հիստերիայի եւ ռուս-թուրքական տանդեմի մասին։ Սուրենյանցի կարծիքով Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները պատմականորեն յուրօրինակ եւ բացառիկ ընթացք ունեն։ Որեւէ այլ երկրի պարագայում այդպիսի բազմաշերտ գործակցություն չի նշմարվել, երբ մրցակցությունն ու դիմակայությունը այդքան սահուն եւ ճկուն կերպով մեկտեղվում են միեւնույն տարածությունում։ Նրա եզրակացությունը հետեւյալն էր․ ռուս-թուրքական փոխհարաբերությունները ակադեմիական լրջագույն հետազոտության կարիք ունեն, որով պետք է զբաղվեն առաջատար գիտական եւ փորձագիտական հաստատությունները։
Բնականաբար ամբողջությամբ համերաշխ եմ Սուրենյանցի այս դիտարկման հետ, իսկապես գործ ունենք բազմաշերտ ու բարդ գործընթացների հետ, որոնց ըստ պատշաճի չընկալումը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ մեր պետության համար։
Իսկ ո՞րն է իմ եզրակացությունը խնդրո առարկայի վերաբերյալ։ Առաջին բանը, որ մտքիս գալիս է, հետեւյալն է․ եթե կա ռուս-թուրքական դաշինք, եւ այն գործում է Հայաստանի դեմ, ապա միակ խելամիտ բանը, որ մենք կարող ենք անել, տարածաշրջանից ոտաբոբիկ ու տկլոր փախչելն է։ Իհարկե, քննադատները կասեն, թե ինչու փախչել, եթե հնարավոր է անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ մշակել, օրինակ՝ ապավինել Արեւմուտքի օգնությանը։
Սա իհարկե հետաքրքիր տարբերակ է, բայց, ցավոք, անիրական, քանի որ երազանքներից անդին ձեռքներիս տակ չունենք որեւէ լուրջ փաստարկ, որի հիմքի վրա կարող ենք գալ այն եզրակացության, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ մտնելու դիմակայության մեջ հանուն Հայաստանի։ Ընդհակառակը՝ կարող ենք պնդել, որ Հարավային Կովկասը Վաշինգտոնի համար առաջնային նշանակություն չունի եւ ընդամենը Ռուսաստանի եւ Իրանի դեմ պայքարի հերթական բաստիոններից մեկն է։
Այս մասին շատ ավելի մանրամասն կարող եք կարդալ քաղաքագետ Արման Գրիգորյանի հրապարակումներում, իսկ հիմա ընդամենը արձանագրենք հետեւյալը․ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ մյուս արեւմտյան երկրների հետ Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա։ Համագործակցության իսկապես շատ մեծ տարածություն կա` տնտեսականից մինչեւ գիտական։ Բայց Հայաստանի անվտանգ գոյության եւ ռազմաքաղաքական պաշտպանվածության բանալին մեր տարածաշրջանում է` ռուսական, թյուրքական եւ իրանական աշխարհների սահմանագծին։ Սա զուտ աշխարհագրական ու քաղաքական օբյեկտիվ իրողություն է։
Իսկ հիմա մի փոքր խոսենք ռուս-թուրքական փոխհարաբերությունների եւ Հայաստանի ապագայի մասին։ Ավելի քան երկու հարյուր տարի Ռուսաստանն ու Թուրքիան անհաշտ եւ անզիջում պայքար են մղել Մերձավոր Արեւելքում, Բալկանյան թերակղզում, Անդրկովկասում եւ Սեւ ծովում գերակայության հասնելու համար։ Սառը պատերազմի տարիներին ընդհատված կամ երկբեւեռ աշխարհում վերաձեւակերպված պայքարը ներկայում նորից վերադարձել է իր նախնական վիճակին։
Պատմականորեն Ռուսաստանը Թուրքիայի համար միշտ մահակի դեր է խաղացել, իսկ Օսմանյան կայսրությունն էլ այն պատնեշն էր, որն արգելակում էր Ռուսական կայսրության առաջխաղացումը դեպի Մերձավոր Արեւելք եւ Հարավարեւելյան Եվրոպա։ Կարելի է կարծել, որ դերերի համանման բաշխումը մնացյալ աշխարհի համար ընդունելի եւ նույնիսկ ձեռնտու դասավորություն էր ստեղծում, ինչի տարրերը որոշակիորեն նշմարվում են նաեւ արդի իրականությունում։ Բայց մահակի եւ պատնեշի փիլիսոփայությունից անդին ռուս-թուրքական փոխհարաբերությունների ամենամեծ առաձնահատկություններից մեկը ժամանակավոր համագործակցության փորձառությունն է։
Մասնավորապես՝ 1831-1833 թվականներին Թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ Առաջինը եւ ռուսական նավատորմը բառացիորեն Օսմանյան կայսրությունը փրկեցին կործանումից ու մասնատումից, եւ ի վերջո Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան կարողացավ վերակենդանանալ եւ նոր շունչ առնել Խորհրդային Ռուսաստանի ֆինանսական եւ ռազմական օգնության միջոցով։
Այսինքն՝ պատմական տարբեր փուլերում երկու պետությունները միմյանց համար ժամանակավոր այլընտրանքի դերակատարություն են ստանձնել։ Մոտեցումն այս հնարավորություն է տվել նրանց խուսանավելու Անգլիայի, Ֆրանսիայի եւ մյուս տերությունների հետ փոխհարաբերություններում, վերականգնվել ու վերազինվել։
Բացի այդ՝ անհրաժեշտ է նկատել, որ Ռուս-թուրքական գրեթե բոլոր պատերազմների ժամանակ Ռուսաստան-Թուրքիա տնտեսական գործունեությունը հիմնականում չի դադարել եւ բնականոն կերպով շարունակվել է, իհարկե այնքան, որքան որ հնարավոր է եղել պատերազմական իրավիճակներում։ Այսինքն՝ նույնիսկ զորեղ դիմակայության համատեքստում երկու տերությունները մշտապես միահյուսված են եղել բնական անքակտելի կապերով, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի եղել կասկածի տակ դնել։ Պատմական այս իրողությունների շեշտադրումն ամենեւին էլ ինքնանպատակ չէ։ Ընդհակառակը՝ մենք կարողանում ենք արձանագրել դրանց վերարտադրությունը նաեւ 21-րդ դարում։
Բնականաբար ես պատմության կրկնվելու դոգմատիկ թեզի կողմնակիցներից չեմ եւ չեմ էլ փորձում պնդել, թե մենք ստիպված ենք նորից վերապրել 19-20-րդ դարերը։ Մեծ հաշվով մենք գործ ունենք պատմական շարունակականության եւ էվոլյուցիոն զարգացման ընթացքի հետ, այլ ոչ թե կրկնության։ Իսկ շարունակականությունը ենթադրում է որոշակի օրինաչափությունների առկայություն, որոնք են․
ա) Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են մնալ անհաշտ մրցակիցներ տարածաշրջանի գրեթե բոլոր կետերում՝ Դամասկոսից մինչեւ Տաշքենդ, Ղարաբաղից մինչեւ Ուկրաինա։ 300 տարվա պայքարը նոր շրջափուլի մեջ է։ Թուրքիան Ռուսաստանի դեմ պատնեշ է Մերձավոր Արեւելքում, իսկ Մոսկվան հարկ եղած դեպքում կարող է մահակ դառնալ Անկարայի համար։
բ) Մրցակցությունից անդին Թուրքիան եւ Ռուսաստանը նորից ժամանակ առ ժամանակ գործարկում են ժամանակավոր այլընտրանքի մեթոդաբանությունը։ Պատժամիջոցների տակ գտնվող եւ Արեւմուտքի հետ առճակատման մեջ մտած Պուտինը ստիպված է ակնկալիքներ ունենալ Էրդողանից։ Իսկ վերջինս էլ ձգտում է ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից անջատ ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու։ Բացի այդ՝ լրջագույն խնդիրներ ունի ԵՄ անդամ երկրների հետ, եւ Ռուսաստանն այն այլընտրանքն է, որի միջոցով հնարավոր է խուսանավել եւ ցանկալի արդյունքի հասնել։
Բայց բոլոր կողմերը հասկանում են, որ գործակցությունն այս չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ ինչպես արդեն նշեցինք, Մոսկվայի եւ Անկարայի շահերը բախվում են տարածաշրջանային գրեթե բոլոր կետերում։
Իրերի այս դասավորությունը կարող է ձեռնտու լինել նաեւ Արեւմուտքի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան միակ իրական ուժն է, որը կարող է նվազագույնը պատնեշել եւ առավելագույնը չեզոքացնել Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ լռեցնել Իրանին։
Ահա այսպիսի եռացող խառնարանում է Հայաստանը։ Ինչպես տեսնում ենք, սա ամենեւին էլ նոր իրավիճակ չէ, եւ թվում է, թե 300 տարվա փորձառությունը գոնե ինչ-որ մի բան պետք է սովորեցրած լիներ բազմաչարչար հայ ժողովրդին։ Բայց փոխարենը, փրփուրները բերաններին ռուսական փրկության միֆը դեռ չթաղած, հիմա էլ ռուս-թուրքական տանդեմի մասին նոր լեգենդներ են հյուսում։
Եթե արձանագրում ենք, որ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերություններում առկա են օրինաչափություններ, ապա բնականաբար Հայաստանն էլ պետք է մշակի գործունեության եւ գոյության սեփական փիլիսոփայությունը, իհարկե պատմական փորձառության եւ արդի աշխարհի առանձնահատկությունների վրա խարսխված։
Հենց այդ համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետեւյալ պարզ ճշմարտությունները․
ա) Որեւէ կերպ չմիջամտել ռուս-թուրքական բարդ փոխհարաբերություններին, ընդհակառակը, ամեն կերպ փորձել դրանք հեռացնել Հայաստանի սահմաններից։
բ) Չխրտնել ռուս-թուրքական համագործակցությունից՝ կարծելով, թե ռուսներն ու թուրքերը որոշել են համատեղ կործանել Հայաստանը։
գ) Չհակադրվել Ռուսական կայսրության քաղաքական կուրսին եւ հրաժարվել ազգային վերացական երազանքներից։ Այսինքն՝ փորձել սեփական քաղաքական շահերը որքան հնարավոր է մոտեցնել կայսրության քաղաքական կուրսին։
դ) Հրաժարվել պանթյուրքիզմի դեմ ցցված սեպի արհեստական առաքելությունից։ Քանի դեռ կան ռուս-թուրքական հարաբերություններ, պահանջված է լինելու նաեւ Հայաստանի գոյության գաղափարը։
ե) Չոգեւորվել ռուս-թուրքական հակամարտությունից՝ փորձելով դրա մեջ գտնել ազգային անիրական երազանքների իրագործման հնարավորությունը։ Հիշել, որ Ռուսաստանը չորս անգամ Արեւմտյան Հայաստանը գրավել ու վերադարձրել է Օսմանյան կայսրությանը։
զ) Հույսեր չկապել Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի կամ պարտության հետ։
է) Հեռու մնալ հավակնոտ աշխարհաքաղաքական եւ փրկագործական ծրագրերից ու հասկանալ, որ երկիրը չի կարող պատանդ դառնալ մեր հիվանդ ու սանձարձակ երեւակայության ձեռքին։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։