ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն։ Նրանց հետ հանդիպել է ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանը։
Տարեվերջյան հանդիպմանը ամփոփվել են ընթացիկ տարվա աշխատանքները, ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրի եւ պաշտպանության ոլորտի բարեփոխումները։ Ընդգծվել է, որ գալիք տարի ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում։
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները վերջին անգամ ՀՀ ՊՆ էին այցելել սեպտեմբերի 13-ին։ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանը եւ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել էին մանրամասներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին։