ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը։ Նա նշել է, որ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն այս պահին ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում չէ։ Քիրբին ընդգծել է, որ իրանական գործարքի հարցում որեւէ առաջընթաց չի նկատվում։
Հրապարակված մի տեսագրությունում դրա մասին խոսել է նաեւԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, թե գործարքը մեռել է, բայց ԱՄՆ-ը դրա մասին չի հայտարարի։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015-ին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իրանի մասնակցությամբ երկարատեւ բանակցություններով: 2018-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի եւ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները։
2021-ի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաեւ Իրանի դիրքորոշումները։
Մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում: