Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների անգործության հետեւանքով Լաչինի միջանցքի փակման հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին միջանցքի վերագործարկման համար Հայաստանը լավ հնարավորություն է բաց թողել։
Զուրաբյանը մասնավորապես նշում է, որ ՄԱԿ-ի խարտիայի 32-րդ հոդվածի համապատասխան Հայաստանը՝ որպես քննարկվող վեճի կողմ եւ ԱԽ նիստին մասնակցելու հրավիրված ՄԱԿ-ի անդամ պետություն, ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» 6-րդ գլխի 38-րդ դրույթի, կարող էր ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ, որը Անվտանգության խորհրդի անդամ որեւէ պետություն կդներ քննարկման:
Ըստ քաղաքական գործչի՝ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների միջեւ այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին կոնսենսուս էր ձեւավորվել:
Զուրաբյանը նշում է, որ նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, են: Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նախագիծը քվեարկությանը դնելու առաջարկով»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լեւոն Զուրաբյանը: