Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ վարակիչ հիվանդությունների թվի աճի պատճառով, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում դիտվում է հակաբիոտիկների, մասնավորապես՝ պենիցիլինի եւ ամոքսիցիլինի դեֆիցիտ։
ԱՀԿ դեղամիջոցների մատակարարման եւ հասանելիության խմբի ղեկավար Լիզա Հեդմանը հայտնել է, որ 35 երկրների 80%-ը, որոնց վերաբերյալ տվյալներ է հավաքում ԱՀԿ-ն, պենիցիլինի շարքի հակաբիոտիկների խիստ պակաս ունի: «Ա» խմբի ստրեպտոկոկով վարակման դեպքերի աճի պատճառով նշված շարքի հակաբիոտիկների պակաս է առաջացել, եւ Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթվանից բժիշկներին թույլ է տվել նշանակել այլընտրանքային հակաբիոտիկներ։ Ամոքսիցիլինի պակաս է դիտվում ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ ԵՄ 27 անդամ պետություններից 25-ը հայտարարել են որոշակի հակաբիոտիկների դեֆիցիտի մասին:
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում սովորական ցավազրկողների պակաս կա
Ըստ առողջապահության բնագավառի փորձագետների՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ հակաբիոտիկների պահանջարկի նվազումը եւ մատակարարումների շղթայի վրա լուրջ ծանրաբեռնվածությունը դեղարտադրողներին ստիպել են կրճատել արտադրության ծավալները:
Հեդմանը հավելել է, որ շատերը ԱՀԿ-ին չեն զեկուցում դեֆիցիտի մասին, քանի որ մտավախություն ունեն, որ դա կարող է դեղերի գնաճի հանգեցնել։ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առանձին դեղագործներն էլ հայտնում են նաեւ սովորական ցավազրկողների, մասնավորապես, պարացետամոլի սուր պակասի մասին։
Ըստ Financial Times-ի՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ համատարած էր տարբեր դեղամիջոցների դեֆիցիտը, որը պայմանավորված էր մատակարարումների շղթայի խաթարմամբ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն էլ ավելի են խաթարել հակաբիոտիկների բաղադրիչների մատակարարումները, իսկ էներգակիրների գների աճն իր հերթին հանգեցրել է հակաբիոտիկներ արտադրող ընկերությունների շահույթի նվազման։