Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը եւ միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
«Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը եւ միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Մանրամասները կներկայացվեն քիչ ավելի ուշ»,- հայտնում են գրասենյակից:
«Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաեւ հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը», եւ հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ ըստ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի:
Հայաստանը դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին եւ 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ եւ լրացուցիչ տեղեկwւթյուն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետեւանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար»,-հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: