Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8% է, որը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանային ցուցանիշից։ ԱՀԿ չափանիշներով սա բավականին մտահոգիչ է:
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2020-2021 թվականներին անցկացրել է «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» հետազոտություն։ Հարցմանը մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անձ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից: Այս հետազոտության տվյալներով՝ մեր երկրում առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7%-ը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում պտղաբերության ցուցանիշը նվազել է: Եթե 90-ականներին այն 2.6 էր, ապա վերջին տարիներին՝ 1.65: Այս թիվը նույնիսկ պարզ վերարտադրողականություն չի ապահովում, որի համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:
Անպտղության հաղթահարման նպատակով մեր երկրում 2019 թվականի օգոստոսի 8-ից մկնարկել է «Անպտղության հաղթահարման» ծրագիրը։ 2019-ին ծրագրից օգտվել է 385, 2020-ին՝ 524, 2021-ին՝ 917, 2022-ի հունվար-նոյեմբերին՝ 810 շահառու։ Անպտղության հաղթահարման ծրագրին 2020 թվականին հատկացվել էր 300 մլն, 2022-ին՝ 917 մլն դրամ:
«Անպտղության հաղթահարման» ծրագրի շնորհիվ 2020, 2021, 2022 (հունվար-նոյեմբեր) թվականներին ծնվել է համապատասխանաբար 49, 76, 101 երեխա:
«Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի շահառուներին ներկայացվող հիմնական եւ լրացուցիչ պահանջները, բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները սահմանվում են ՀՀ Կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 568 որոշմամբ։
Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիությունը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողները եւ զինծառայողներին հավասարեցված անձինք, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները:
Ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը նշել է՝ «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի շահառուները սպասարկվում են անվճար։
Արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն արվում է պետության երաշխավորած արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում․ շահառուն վճարում է բուժսպասարկման 50 տոկոսը:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման յուրաքանչյուր դեպքում, ըստ բժշկական ցուցումների, կարող է տրամադրվել նախատեսված ծավալի ցանկացած անհրաժեշտ համակցություն (պատճառագիտության հետազոտում եւ բուժում, հետազոտություններ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում):
Պետության երաշխավորած անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը եւ սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի եւ դոնորական սերմնաբջջի համար փոխհատուցման ծախսերը: Դոնորական ձվաբջջի եւ (կամ) դոնորական սերմնաբջջի օգտագործման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում փոխնակ մոր, սեռաբջջի (սեռաբջիջների) դոնորի (դոնորների) ծախսերը փոխհատուցում է շահառուն՝ բացառությամբ ՀՀ Կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված շահառուների:
Շահառուներ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված զինծառայողների ծնողները։
«Պետության երաշխավորած անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման դիմել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զոհված կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների 343 ծնող: 2022 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գրանցված հղիություններից արձանագրվել է 28 երեխայի ծնունդ»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը։
«Անպտղության հաղթահարման» ծրագրի շնորհիվ օրեր առաջ լույս աշխարհ է եկել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի քույրը՝ Լուսէն։ Լուսէն իր հետ նոր լույս է բերել Գիվարգիզյանների ընտանիք։
Տարոն Գիվարգիզյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնել է Արցախ, կռվել Հադրութում, Վարանդայում, ապա՝ Մարտունիում։ Նա զոհվել է հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։
«Հերոսի մայրն ընկճվելու իրավունք չունի։ Բազմաթիվ հերոսների մայրեր ուժ են գտնում իրենց մեջ եւ նոր լույս են լույս աշխարհ բերում։ Եթե որդու զոհվելուց հետո հերոսի մայրը զավակ է ունեցել, նա պետք է է՛լ ավելի ուժեղ լինի, որ կարողանա երեխային իր նպատակին հասցնել։ Լուսէն շատ նման է Տարոնին, նա մեզ ապրեցնում է»,- ասում է Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը։
Տիկին Լաուրան բուժվել է ու մշտապես եղել բժշկական հսկողության ներքո․ Լուսէն լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով։
«Ես անպայման ուզում եմ նշել այն մարդկանց անունները, որոնց հոգատարության, պրոֆեսիոնալիզմի եւ ջերմության շնորհիվ լույս աշխարհ է եկել իմ Լուսէն։ Բժիշկները 24 ժամ իմ կողքին են եղել։ Շնորհակալ եմ «Մարդու պտղաբերության կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանից, ռադիոլոգ Իվետա Գրիգորյանից։ Հղիության 4-րդ ամսից արդեն ինձ հսկել են «Էրեբուհի» բժշկական կենտրոնում։ Շնորհակալ եմ մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանից եւ բուժքույրերից։ Այդ մասնագետները ոչ միայն իմ, այլեւ մյուս բոլոր ծնողների կողքին են եղել, հենարան են եղել մեզ համար»,- խոսքը եզրափակում է Լաուրա Սարգսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։