Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախօրեին հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, ասել է, «Հայաստանը չի արձագանքում ըտենց, ոնց որ ես կսպասեի»։ Թե ինքն ինչ էր սպասում, նա չի մանրամասնել։
Բացի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից՝ Արցախի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանի մասին նման հայտարարություն չի արել՝ ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանը, ո՛չ էլ անգամ արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։ Նրանք գիտեն Հայաստանի հնարավորությունները։ Հայաստանն ինչ կարողանում, անում է։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Հայաստանն այնքան է թուլացել, որ շատ բան չի էլ կարող անել, քան շահագրգիռ պետություններում ու միջազգային կառույցներում այդ հարցը բարձրացնելը, բանակցելը եւ Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելը։
Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները միգուցե պետք է հակամարտությունը պատերազմի չհասցնեին կամ պատերազմի ելքն այսքան ողբերգական չդարձնեին։ Իսկ այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են։ Կարողանար, Ադրբեջանից իր սահմանները կպաշտպաներ, որ պատերազմից հետո երկու անգամ չհարձակվեր մեր երկրի վրա։ Եվ ինչպես ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն է երեկ ասել, «Հայաստանն իր անվտանգության երաշխավորը չի կարող լինել, ուր մնաց՝ Արցախի»։
Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը չի հայտարարում, թե Ռուսաստանը չի արձագանքում «ըտենց», ոնց որ Արցախն ու Հայաստանն են սպասում։ Չէ՞ որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են վերահսկում։ Եթե ռուսները չլինեին, միգուցե Հայաստանն ինչ-որ կերպ արձագանքեր՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հնարավորություններ ունի։
Այնուամենայնիվ, Հայաստանից ի՞նչ է սպասում Ռուբեն Վարդանյանը։ Որ ո՞ւժ կիրառի։ Կարծես թե նրա ակնարկը հենց դա է ենթադրում։ Իսկ չգիտի՞, որ Հայաստանը դրա հնարավորությունը չունի։ Չգիտի՞, որ Ռուսաստանը մեծ գումար, ասում են՝ 600 մլն դոլար է վերցրել, որ զենք տա, բայց մինչեւ հիմա չի տվել։ Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, չի էլ թողնում, որ այլ երկրները տան։ Ռուսաստանը, անդրադառնալով Հայաստանից հնչած այդ հայտարարությանը, ասել է, որ վերցրած փողի դիմաց խոստացած զենքը կտա, բայց մինչեւ հիմա չի տվել։ Չի էլ ասում, թե երբ կտա, եթե, իհարկե, երբեւէ կտա։
Ռուբեն Վարդանյանը չի՞ հասկանում, որ այս փուլում եւ ստեղծված իրավիճակում Հայաստանը չի կարող ուժ կիրառել։ Ադրբեջանը հենց դրան է սպասում։ Եվ զինված բախումը կարող է ավելի մեծ զարգացում ունենալ, քան 44-օրյա պատերազմն էր։ Ընդհուպ մինչեւ տարածաշրջանային պատերազմ արդեն ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի մասնակցությամբ, այլեւ արդեն Թուրքիայի, Իրանի ներգրավմամբ։ Եվ իր սիրելի Ռուսաստանին այլեւս չի հաջողվի կանգնեցնել այն կամ, որ ավելի ճիշտ է, իր օգտին կանգնեցնել այն։ Եվ որ արդյունքում Հայաստանն ու Արցախը կունենան էլ ավելի մեծ կորուստներ։
Եթե չի հասկանում, ուրեմն կարելի է ցավակցել Արցախին, որ ունի նման պետնախարար, որը ձգտում է նախագահի պաշտոնին։ Իսկ եթե հասկանում է, բայց նման հայտարարություններ է անում, ուրեմն վտանգավոր իրավիճակներ է ստեղծում, լավագույն դեպքում՝ էժանագին պոպուլիզմով զբաղվում։ Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ Վարդանյանն ինչ նշանակվել է այդ պաշտոնին, հենց դրանով է զբաղված։ Ամեն օր Ֆեյսբուքով «լայվ» է մտնում, արած ու չարած քայլերի մասին միանգամից ազդարարում, ինչ դրական բան կա, իրեն վերագրում։
Ավելին՝ բավականին մեծ կարծիք ունի իր նշանակման մասին։ Անդրադառնալով իր համար հաճելի հարցին, թե «Ձեր անձն այս զարգացումների հետ որեւէ կապ ունի՞», միանգամից պատասխանում է. «Ինձ թվում է՝ ես բոլորի պլանները խախտեցի, ինձ թվում է՝ այստեղ իմ գալը շատ մեծ խնդիրներ բերեց ե՛ւ Ադրբեջանի համար, ե՛ւ այն ուժերի համար, որոնք ուզում էին այս հարցը ուրիշ ձեւ լուծեին Հայաստանում»։ Իսկ ինչո՞ւ այդքան համեստ լինել։ Միգուցե ինքը խախտել է նաեւ Թուրքիայի, Իրանի պլանները։ Միգուցե խախտվել են այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի պլանները, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը խճճվել են։
«Մի մասն էլ Արցախում կան, որոնք շատ ուրախ կլինեին, որ այս իրավիճակն ավելի հանգիստ գնար ու առանց իմ մասնակցության։ Իհարկե, ես հասկանում եմ, որ իմ գալը, իմ ներկայությունն այստեղ բերել է մեծ հետաքրքրություն Արցախի նկատմամբ աշխարհում։ Իհարկե, մարդկանց մոտ ավելի շատ ոգեւորություն կա, ավելի շատ հավատ կա ու սպասում ապագայի հետ կապված»,- հավելում է նա։
Բայց Ռուբեն Վարդանյանի այս հայտարարություններն ունեն մեկ այլ վտանգավոր ենթաշերտ. կարծես թե Արցախի եւ Հայաստանի հարաբերությունները սրելու սադրանք լինեն։ Դրանով ինչի՞ է ձգտում նա։ Ընդամենը պատերազմի ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների ամբողջ մեղքը Հայաստանի վրա բարդե՞լը։ Չէ՞ որ այդ գործն իրենից լավ անում է Ռուսաստանը՝ սկսած իր արտգործնախարար Լավրովից, պատգամավոր Զատուլինից մինչեւ ամենավերջին փորձագետը։ Եվ Վարդանյանը փորձում է դա հանրամատչելի կերպով հասցնել Արցախի հանրությանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։