Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, դեկտեմբերի 22-ին հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։ Այն շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, որն ունի 1840 վարկանիշային միավոր: 2022-ին աշխարհի չեմպիոն Արգենտինայի ընտրանին առայժմ 2 միավորով հետ է մնում իր հարեւան երկրի հավաքականից: Առաջին եռյակը եզրափակում է Ֆրանսիան, որը Կատարում զբաղեցրել է 2-րդ տեղը:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է Եվրոպայի 2024-ի առաջնության ընտրական փուլում, բարձրացել է 7-րդ հորիզոնական: Խորվաթիայի հավաքականն առաջին տասնյակից դուրս է մղել Գերմանիայի ընտրանուն, որն այժմ 14-րդն է:
Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ նահանջել է երկու աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը: Մեր ընտրանուց առաջ են անցել Պաղեստինի եւ Ղրղզստանի ազգային թիմերը: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը Եվրո-2024-ում՝ Թուրքիայի ընտրանին, բարձրացել է 44-րդ հորիզոնական: Մյուս մրցակիցներից Ուելսը 28-րդն է, իսկ Լատվիան՝ 133-րդը: