Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
Ըստ խոսնակի՝ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։
Միեւնույն ժամանակ, ըստ ԱԳՆ խոսնակի, ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության, անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։