Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ է ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի միայն երկրորդ պահանջը։
«Մենք փորձել ենք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջեւ` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն` դատարանի միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ գործերի շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ եւ երրորդ հոդվածներով»,- նշել է Կիրակոսյանը։
Ըստ նրա` ՀՀ-ի ակնկալիքները Եվրոպական դատարանից շատ բարձր չէին, եւ սխալ է ակնկալել, որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ-ն իր ցանկացած գործողություն կապում է ինչ-որ կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն կամ անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք եւ այլն։ Այսինքն` միջոցներ կիրառելիս ՄԻԵԴ-ն իրավական տեսանկյունից ունի հստակ շրջանակներ։ Բացի դրանից, ըստ Կիրակոսյանի, դատարանը սովորաբար խուսափում է նման բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց։
Կիրակոսյանը նաեւ կարեւոր է համարում, որ ՄԻԵԴ-ը որոշման մեջ հղում է կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դատարանի ընդունած որոշումը կատարելուն, Կիրակոսյանն առանձնապես չի ակնկալում, որ այն կկատարվի։ Կիրակոսյանը նշել է, որ կան նաեւ այլ ընթացակարգերով, ընդհուպ մինչեւ Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում եւ ԵԽ անդամության զրկման հարց։ Սակայն դրա համար դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու։