Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի եւ Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։
Հոդվածում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի եւ Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան եւ Եվրամիությունը, ի աջակցություն Արցախի, հնարավորինս արագ արձագանքեն հստակ գործողություններով:
«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուգահեռ, մինչեւ նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ Հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արեւմտյան կառավարությունների համախմբումը, եւ մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը եւ դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին:
Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի եւ Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտանգը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիեւի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյաց քաղաքականությունը»,- նշված է հոդվածում:
Ի թիվս այլ պահանջների՝ քաղաքապետերը նաեւ հայցել են, որ Ֆրանսիան եւ Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ համագործակցության եւ առեւտրական համաձայնագրեր կնքելիս: Նշել են, որ Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը նրանց ավելի քան անհանգստացնում է, հատկապես՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը կարող է չդատապարտվել եւ կոշտ հակադրության չարժանանալ Ֆրանսիայի ղեկավարների կողմից: