Աշխարհի ավելի քան 60 հայտնի վայրերում տեղի է ունեցել Ուկրաինային աջակցող An Hour For Ukraine անվանմամբ խորհրդանշական արշավ. մեկ ժամով անջատվել է էլեկտրականությունը։ Այդ վայրերից են Հռոմի Կոլիզեումը, Սիդնեյի օպերան, Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքը, Էդինբուրգում Շոտլանդիայի պառլամենտի շենքը, Փարիզի եւ Պորտոյի քաղաքապետարանները, Նյու Յորքի գլխավոր տոնածառը՝ Ռոքֆելլեր կենտրոնի մոտ, Լոնդոնի գլխավոր տոնածառը՝ Տրաֆալգարի հրապարակում, Տորոնտոյի հեռուստաաշտարակը, Պրահայի եւ Ռիգայի գլխավոր տոնածառերը։
Մեծ Բրիտանիայում խորհրդանշական արշավին մասնակցել ցանկացող բրիտանացիներին առաջարկվել է իրենց բնակարաններում մեկ ժամով անջատել էլեկտրականությունը։ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խան եւս միացել է այդ գործողությանը։ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի շենքի լույսերը եւս անջատվել են հաջակցություն Ուկրաինայի։
Սկսվել է նաեւ հանգանակություն-արշավ հանուն Ուկրաինայի, որի նպատակն է հավաքված գումարով գեներատորներ գնել Ուկրաինայի համար։ Արշավի ընթացքում արդեն 10 միլիոն դոլար է հավաքվել 2022-ի հունիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործարկած United24 ազգային հարթակի միջոցով։ Այդ գումարով ուկրաինական հիվանդանոցների համար ձեռք է բերվելու 1000 գեներատոր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը