ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է, թե Արեւմուտքի երկրները «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր Ուկրաինային մատակարարել են ավելի քան 350 տանկ, 700 հրետանային համակարգ, 100 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 30 ուղղաթիռ, առնվազն 5000 անօդաչու թռչող սարք, 1000 մարտական զրահամեքենա, շուրջ 800 զրահամեքենա, 5300 շարժական զենիթահրթիռային համակարգ։
Ըստ ռուս գեներալի` ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները հատուկ գործողության սկզբից ի վեր հետեւողականորեն ավելացնում են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալները հակամարտությանը երկարատեւ բնույթ հաղորդելու նպատակով:
Արտասահմանյան ֆինանսական օգնությունն ընդհանուր առմամբ եղել է գրեթե 100 միլիարդ դոլար, մատակարարումներում ամենամեծ ներդրումը կատարում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը եւ Ռումինիան: Բանակի գեներալը հայտնել է նաեւ, որ «ռազմական հատուկ գործողությունը» 815 կիլոմետր է ընդգրկում: Գերասիմովը նշել է, որ ռուսական օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիան հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է 11 հազար միավոր ուկրաինական սպառազինություն` օրական կատարելով մոտ 150 թռիչք: