FTX կրիպտոարժութային բորսայի հիմնադիր եւ նախկին ղեկավար երեսնամյա Սեմ Բենկման-Ֆրիդը ազատ է արձակվել 250 միլիոն դոլարի գրավի դիմաց։ Սա ԱՄՆ պատմության ամենից խոշոր գրավն է, որ երբեւէ կիրառվել է։ Բենկման-Ֆրիդը կլինի տնային կալանքի տակ՝ Կալիֆոռնիա նահանգի Պալո-Ալտոյի իր կալվածքում։ Նախկին գործարարը կասկածվում է առանձնակի խոշոր խարդախության մեջ։ Նրան ձերբակալել էին անցյալ շաբաթ Բահամյան կղզիներում՝ ԱՄՆ-ի հայցով։ Տնային կալանքի ընթացքում նախկին գործարարը կրելու է էլեկտրոնային թեւնոց։ Նա չի կարողանալու նոր բիզնես բացել, իրականացնել ֆինանսական գործառնություններ։ 1000 դոլարից ավելի գումարի գործարքի դեպքում անհրաժեշտ կլինի ամերիկյան դաշնային դատարանի կամ կառավարության թույլտվությունը։
Ըստ AP լրատվական գործակալության՝ մեղադրանք է ներկայացվել նաեւ Բենկման-Ֆրիդի երկու գործընկերների՝ Կերոլին Էլիսոնի եւ Հենրի Վանգի նկատմամբ, որոնք ընդունել են իրենց մեղքը։ Նրանք խոստովանել են, որ ապրանքային եւ արժեթղթային գործարքներ կատարելիս խարդախություններ են կատարել։
Հիշեցնենք, որ ըստ Forbes-ի գնահատման՝ Բենկման-Ֆրիդի ունեցվածքը գնահատվում է 17,2 միլիարդ դոլար։ Նրա ծնողները եղել են Սթենֆորդի համալսարանի իրավունքի դասախոս-պրոֆեսորներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը