Ըտս ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհի մասին հետաքննություն է անցկացնում, դեկտեմբերի 22-ին զեկույց է հրապարակել իր գործունեության արդյունքների վերաբերյալ:
Զեկույցի հրապարակման առնչությամբ հատուկ հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Բենի Թոմսոնը հայտարարել է, որ ըստ զեկույցի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «որոշել է փորձել մնալ պաշտոնում բազմաբաղադրիչ սխեմայի միջոցով, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ արգելափակել իշխանության հանձնումը:
«Վկայությունները մեզ տանում են համոզիչ եւ միանշանակ եզրակացության. հունվարի 6-ի իրադարձությունների հիմնական պատճառը եղել է մեկ մարդ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հետեւել են շատերը։ Առանց նրա տեղի չէին ունենա հունվարի 6-ի իրադարձությունները»:
Հանձնաժողովը խորհուրդ է տալիս արգելել Թրամփին եւս մեկ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոն զբաղեցնել: Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու արգելքից բացի՝ զեկույցում տրվում են եւս 10 հանձնարարականներ: Հանձնաժողովի պատրաստած 845-էջանոց հաշվետվությունը հիմնված է վկաների հազարից ավելի հարցազրույցների, հավաքված փաստաթղթերի, ներառյալ էլեկտրոնային նամակների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսային ձայնագրությունների եւ մեկուկես տարվա հետաքննության վրա: