Ըստ Reuters լրատվական գործակալության՝ ռուսական Urals տեսակի նավթի արտահանումը, պայմանավորված ԵՄ-ի՝ ռուսական նավթի նկատմամբ գնային վերին շեմի սահմանմամբ, Բալթիկ ծովի նավահանգիստներով կարող է կրճատվել 1/5-րդով կամ 20 տոկոսով։ Մասնագետները նշում են, որ Ռուսաստանը չի կարողացել ամբողջապես վերաուղղորդել Urals տեսակի նավթի արտահանումը Եվրոպայից դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Հնդկաստան եւ Չինաստան՝ փորձելով գտնել բավարար քանակության բեռնատար նավեր՝ փոխադրումը դեպի այդ շուկաներ կատարելու համար։ Ըստ այդմ, եթե նոյեմբերին Բալթիկ ծովի նավահանգիստներից արտահանվել էր 6 միլիոն տոննա ռուսական նավթ, ապա դեկտեմբերի համար այդ ցուցանիշը կլինի 4,7-5 միլիոն տոննա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն, «Մեծ յոթնյակն» ու Ավստրալիան ռուսական նավթի համար սահմանել են մեկ բարելի դիմաց 60 դոլար գնային վերին սահմանաշեմ։ Այս օրենքը սկսել է գործել դեկտեմբերի 5-ից, որպես լրացում ԵՄ-ի ռուսական նավթի նկատմամբ սահմանած էմբարգոյի։ Սա թույլ է տալիս ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներին ներմուծել ռուսական նավթ ծովային ճանապարհով ցանկացած գնով, սակայն եթե այդ գինը գերազանցի 1 բարելի դիմաց 60 դոլարը, ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերությունները չեն կարողանա ապահովագրել այդ բեռը, ծովային եղանակով բեռնափոխադրող ընկերություններն էլ չեն կարողանա իրականացնել բեռնանավային փոխադրումներ։
Նշենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին Urals տեսակի ռուսական նավթը վաճառվել է ավելի մեծ զեղչերով, եւ Հնդկաստանն, օրինակ, այն ձեռք է բերել մեկ բարելի դիմաց 60 դոլարից էլ քիչ վճարելով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը