Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում պլանային վիրահատությունները շարունակում են դադարեցված մնալ։
«Արեւիկ» բուժմիավորումում 11 երեխա նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում է: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որ ախտորոշվել էր «ընդերային լեյշմանիոզ», դեռեւս ծանր է, նա ստանում է համապատասխան բուժում:
Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդների վիճակը կայունացնելու համար բժիշկները կատարում են հնարավորը: Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։