ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին:
«Մեր համայնքը եւս խիստ մտահոգված է Արցախի շուրջը տեղի ունեցող իրադարձություններով: Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող ասորիներից, որոնք ուզում են ինչ-որ բանով օգտակար լինել»,- նշել է նա։ Միրզոեւան ընդգծել է, որ ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն եւ հայրենազրկում: Պատգամավորը նշել է, որ այս տեսանկյունից, ցավոք, երկու ժողովուրդները շատ նման են:
Հայաստանի ասորական համայնքը ներկայացնող պատգամավորը խորհրդարանի ամբիոնից Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող սրտացավ ու մտահոգ ասորիներին կոչ է արել իրենց բնակության երկրներում բարձրաձայնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին:
«Վստահ եմ, որ այս ճանապարհով թեկուզ փոքր, բայց կարեւոր լումա կներդնենք Արցախի եւ Արցախի բնակչության պաշտպանության, արդարության վերականգնման գործում»,- շեշտել է պատգամավորը: