ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի: Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ-ում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն եւ ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելուն:
Ըստ Միրզոյանի՝ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ եւ անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները:
Նա կարեւորել է ԼՂ եւ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար ԼՂ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
Դեկտեմբերի 23-ին ավելի վաղ Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները: