Սոցիալական մեդիայի արցախյան տիրույթում տեսակետ է հնչում, որ 1991-1992-ի շրջափակումն ավելի դաժան էր, բայց «մենք դիմացանք եւ հաղթեցինք»։ Զուտ «հայելային ընկալմամբ», այո՛, այդպես է։ Իրականում, սակայն, Արցախը սովից եւ ֆիզիկական բնաջնջումից փրկել են կոլխոզա-սովխոզային տնտեսությունների պահեստները եւ Հայաստանի քաղավիացիան, որն «օդային կամրջով» ոչ միայն մարդասիրական բեռներ էր հասցնում, այլեւ Երեւան տեղափոխում վիրավորներին, ծանր հիվանդներին, կանանց եւ ծերերին։
Ադրբեջանը սահմանին ՀՕՊ համակարգեր չուներ, հայկական ուղղաթիռներին «դիմավորում» էր խոշոր տրամաչափի գնդացիրների կրակը, հաճախ նաեւ շարժական զենիթա-հրթիռային սարքեր էին գործի դրվում, բայց հայ օդաչուները մի «անցք» գտնում, հասնում էին ոչ միայն Ստեփանակերտ, այլեւ ռազմաճակատային գծին շատ մոտ բնակավայրեր։ Խոջալուի վնասազերծումից հետո վերականգնվեց նաեւ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքը։ Շրջափակումն այդպես է հաղթահարվել, մինչեւ կբացվեր Լաչինի միջանցքը։ Իսկ թե ինչպես է այն պաշտպանվել, առանձին, իրոք, հերոսապատում է։
Այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Ադրբեջանը աչալուրջ հսկում է Հայաստանի հետ ոչ միայն ցամաքային, այլեւ օդային սահմանը։ Դարաշրջան է փոխվել, նրա հետ էլ՝ մարդկային մեր պահանջմունքների «սանդղակը»։ Իհարկե, կարելի է անցնել «պաշարված ամրոցի» ռեժիմի, երեխաներին զրկել քաղցրավենիքից, մրգից, բանջարեղենից։ Կարելի է հրաժարվել մսեղենից, անցնել «ոսպով վռիկի» կամ փիփերթի, հացի «տալոն» մտցնել։ Ի վերջո, կարելի է նահատակության դաժան խորհուրդն ընտրել եւ 120 հազար մարդու դատապարտել սովամահության։
Բայց ինչո՞ւ հասցնել դրան. այս հարցն եմ ուղղում Արցախի պատասխանատուներին։ Քաղաքականությունը մեկ անհայտով հավասարում չէ, երբեք չի եղել եւ չի լինելու։ Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է։ Եվ անցյալ դարավերջի արցախյան գոյամարտը չպետք է դիտարկվի, գնահատվի եւ ներկայացվի որպես միայն մեր բացառիկ դիմադրողականության եւ համազգային հերոսության արդյունք։ Մենք այդ հոխորտախոսությունը կուլտիվացրինք նաեւ պետական մակարդակով։ Քաղաքական Ստեփանակերտը նույնիսկ քառասունչորսօրյա աղետից հետո չկարողացավ կամ չուզեց անցյալը, ներկան եւ գալիքի հնարավորությունը գիտակցել համաշխարհային վերադասավորումների հետ փոխկապակցվածության մեջ։
Սա է մեծագույն ողբերգությունը, որ 120 հազար մարդու տարրական անվտանգության եւ միջին վիճակագրական կեցության համար պատասխանատվություն կրող մարդիկ ոչ թե իրենք են ելք փնտրում կամ առաջարկում, այլ շարունակում են ապավինել «ղարաբաղցու հաստակողության» ֆենոմենին։
Սա «լիրիկա՞» է։ Չեմ հավատում, ուստի մակաբերում եմ այս հարցը․ «Ինչո՞ւ ադրբեջանցի «էկոակտիվիստների ակցիան» հետեւեց Իլհամ Ալիեւի նոյեմբերի 17-ի հայտարարությանը, որ «պատրաստ է խոսել նրանց հետո, որ ապրում եւ ապրելու են Ղարաբաղում», եւ Ստեփանակերտի ոչ դիվանագիտական, գրեթե վերջնագրային արձագանքին, որ տպավորություն էր թողնում, թե մենք 1994-ի մայիսյան հրադադարի ժամանակներում ենք»։ Եվ տալիս եմ երկրորդ հարցը․ «Մեր զավակներին, թոռներին, կանանց եւ ծերունիներին զրկանքի դատապարտելով ո՞ւմ եւ ի՞նչ շահերն ենք պաշտպանում»։
Աստծու սիրուն, չասեք, թե սա «հանուն Արցախի անկախության ծանր փորձություն է, որ պիտի հաղթահարենք միասնաբար»։ Մեր օրերում նույնիսկ մանկապարտեզի երեխաներն են կասկածում հեքիաթներին։ Քառասունչորսօրյա աղետից հետո Արցախի անկախության միջազգային ճանաչման խոսույթ կարող են արծարծել միայն անմեղսունակները կամ նրանք, որ իրավիճակը ողբերգական հանգուցալուծման, ինչպես ժողովուրդն է ասում՝ «աչքից էլ, աչքացավից էլ ազատվելու» ծրագիր ունեն։
Ես կպչուն տպավորություն ունեմ, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Դա մեր պատմական «փորձ տրամաբանության» մեջ է։ Բայց մե՞րն է այդ «հոգեկերտվածքը»։ Քաղաքականությունը մեկ անհայտով հավասարում դիտարկելու, վերջին «ճիգի» եւ «հերոսաբար նահատակվելու» մեր «ազգային կոնցեպտն» իրոք հայկակա՞ն է. երբ «եթե ամբողջը չի ստացվում, ո՞ւմ է պետք մասը» դառնում է թշնամու շահերի իրացման «լեգիտիմ հիմք»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։