«Հայկական ուտեստները բոլորն էլ շատ համեղ են, բայց ես հատկապես սիրում եմ մածունը, Չինաստանում մածուն չկա։ Սիրում եմ նաեւ մածունով սպաս»,- հայերենով ասում է Վան Ծիալըն։
Չինաստանից Հայաստան եկած ուսանողը հայկական անուն էլ ունի՝ Զվարթ։ Բացի նրանից, որ սպաս ուտել շատ է սիրում, փորձել է նաեւ ինքը պատրաստել․ ստացվել է։ Վան Ծիալըն Պեկինի օտար լեզուների համալսարանից Երեւան՝ Բրյուսովի անվան պետական համալսարան սովորելու եկած յոթ ուսանողներից մեկն է։
Չորրորդ կուրսի ուսանողները Պեկինի օտար լեզուների համալսարանի եւ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի միջբուհական համաձայնագրով այս ուսումնական տարվա սկզբից Հայաստանում են։ Սովորելու են մինչեւ այս կիսամյակի ավարտը։ Պեկինում հայագիտություն են ուսումնասիրում։ Եկել են Հայաստան՝ խորացնելու իրենց գիտելիքը մեր երկրի մասին ու զարգացնելու հայերենի իմացությունը։ Ապագա հայագետներն ուսումնասիրում են բանավոր եւ գրավոր հայերեն, չինարեն-հայերեն թարգմանություն, հայ գրականության պատմություն եւ հայագիտական այլ առարկաներ:
«Հայաստանի մասին իմացա եւ սկսեցի հետաքրքրվել այս երկրով, քանի որ այն առաջիններից է, որ մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը (Belt and Road Initiative ) եւ բարեկամական ու համագործակցային հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ»,- ասում է Վան Ծիալըն։
Ծիան Իհոնը (այստեղ նրան Ալեքս են կոչում) համացանցում է Հայաստանի մասին կարդացել, նկարներ է նայել։ Ինչպես ինքն է ասում, քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն իրեն շատ է դուր եկել։ Նախքան սովորելու գալը Ծիանը Հայաստանում երբեւէ չի եղել, սակայն ունեցել է ընկերներ, որոնք եկել են այստեղ որպես զբոսաշրջիկ ու իրենց դրական տպավորությունների մասին պատմել են տղային։ Դա նույնպես նպաստել է Հայաստանի հանդեպ նրա հետաքրքրության ձեւավորմանը։
Ուսանողները Չինաստանի եւ Հայաստանի մշակույթների միջեւ նկատել են թե՛ տարբերություններ, թե՛ նմանություններ։ «Չինաստանում ընդունված չէ թեյավճար թողնել։ Թեյավճար կարող են տալ միայն բարձրակարգ ռեստորաններում ու հյուրանոցներում։ Իսկ Հայաստանում դա շատ է տարածված։ Բացի դրանից՝ Չինաստանի ռեստորաններում ջուրն անվճար է, իսկ Հայաստանում՝ վճարովի»,- ասում է Ծիան Իհոն։
Վան Ծիալըն էլ նկատել է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Չինաստանում շատ է կարեւորվում ընտանիքի գաղափարը։ Տարբերություններից մեկն էլ այն է, որ Չինաստանում նախաճաշին ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան Հայաստանում։
Հայ եւ չինացի ուսանողների միջեւ տարբերություն նկատել է ԲՊՀ-ում նրանց «Մուլտիմեդիա թարգմանություն» դասավանդող Մարինա Քոչարյանը։ Ասում է՝ չինացիները, ի տարբերություն հայ ուսանողների, խիստ պարտաճանաչ են, դասերին միշտ պատրաստ են ու չեն ուշանում։ Ծիծաղելով հավելում է՝ հայ ընկերների հետ շփվելով՝ մի քիչ նրանց են նմանվել։ Այնուամենայնիվ, չինացիների՝ հայկական միջավայրում ինտեգրվելու խնդիրն այն է, որ հայերի հետ շատ չեն առնչվում։ Միայն մեկ դասի՝ մուլտիմեդիա թարգմանության ժամանակ են հայ ուսանողների հետ լինում։ Միգուցե ավելի լավ լիներ, եթե, օրինակ, ապրեին հայ ընտանիքներում։
Չինացի ուսանողներին գրավում է հատկապես Հայաստանի պատմությունը։ Ցիեն Ճաոյի ու Ցին Յուցիի կարծիքով լեզուն սովորելն օգնում է ավելի լավ հասկանալու Հայաստանի պատմությունն ու մշակույթը։ Նրանց նաեւ գրավել է Երեւանը՝ իր շենքերով ու հյուրասեր բնակիչներով։ Իրենց չինացի ու հայ ընկերների հետ Էջմիածնում էլ են եղել։ Տպավորված են, ուզում են Հայաստանն ավելի շատ բացահայտել։
Ո՞րն է ավելի դժվար՝ չինարե՞նը, թե՞ հայերենը
Աշխարհի ամենադժվար լեզուների դասակարգման շատ ցանկերում չինարենն առաջին տեղում է։ Չինարենում դժվարություն են առաջացնում հիերոգլիֆները եւ տոները, որոնց փոփոխությամբ պայմանավորված՝ բառի իմաստը կարող է փոխվել։ Չինացի ուսանողների համար, սակայն, հայերենն ավելի դժվար է։ Նրանց համար հատկապես բարդ է հայերենի քերականությունը։ «Ուսանողները հիմնականում դժվարանում են հայերենի շարադասությունը, ժամանակաձեւերը սովորելիս։ Չինարենում, կարելի է ասել, ժամանակաձեւեր չկան։ Դրանք ինչ-որ բառերի, մասնիկների միջոցով են արտահայտվում։ Մինչդեռ հայերենում բայերի խոնարհումներ կան»,- ասում է Մարինա Քոչարյանը։
Նրա կարծիքով արտասանությունն ավելի հեշտ կարող է ստացվել, քանի որ երկու լեզվում նման հնչյուններ կան, օրինակ՝ ծ, ճ։ Բայց կան նաեւ հնչյուններ, որոնք դժվարություններ են հարուցում։ Ուսանողների կարծիքով, օրինակ, դժվար է տարբերակել ղ-խ-հ հնչյունները։ Ջանքեր է պահանջում նաեւ հայերենի այբուբենը սովորելը։
Հայագիտությունը Չինաստանում
Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) հայագիտության կենտրոնը ստեղծվել է 2019 թվականին։ «2017 թվականին պաշտպանեցի դոկտորական թեզը եւ ստացա բ.գ.դ.-ի (Հայաստանում` բ.գ.թ.) աստիճանը, ինչն արդեն հնարավորություն էր տալիս ՊՕԼՀ-ի Ասիայի ֆակուլտետում բացել հայագիտության բաժին: 2019 թվականին արդեն ընդունեցինք մեր բաժնի առաջին ուսանողներին։ Որպես մասնագիտություն ներկայում հայերեն են ուսումնասիրում 13 ուսանողներ, ի դեմս որոնց 2023 թվականին կունենանք չինացի հայագետների»,- պատմում է Մերի Կնյազյանը։
Նա ՊՕԼՀ մեկնել է 2013 թվականին որպես ուսանող։ 2014- 2018 թվականները, դոկտորանտուրայի հետ համատեղելով, դասավանդել է հայերեն՝ որպես երկրորդ օտար լեզու։ «Այս տարիների ընթացքում հայերենը բուհի ուսանողների շրջանում շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ երկու ուսանողներ եկան Հայաստան` մասնագիտական ուսում ստանալու ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում»,- ասում է տիկին Կնյազյանը։
Այժմ նրա հետ հայերեն դասավանդում է նաեւ ազգությամբ չինացի երկու դասախոս` Կեսինը եւ Խը Յանը։ Խը Յանը հայերեն ուսումնասիրող առաջին ուսաողներից է եղել, որը հետագայում ցանկություն է հայտնել ուսումը շարունակելու Հայաստանում:
Տիկին Կնյազյանի կարծիքով չինացի ուսանողները սկսում են սովորել հայերեն, քանի որ լեզուն ուսումնասիրված չէ, տեղում չկան բավարար մասնագետեր, ինչն էլ նոր հնարավորություններ է բացում: Օրինակ՝ երկու ուսանողներ հնարավորություն ունեն ընդունվելու դիվանագիտական դպրոց եւ մոտ ապագայում կարող են աշխատել ՀՀ-ում ՉժՀ դեսպանատանը:
Հայագիտությանը զուգահեռ ուսանողները ձեռք են բերում նաեւ երկրորդ մասնագիտություն՝ ֆինանսներ, իրավունք, դիվանագիտություն, լրագրություն եւ այլն: Հայոց լեզվի դասերից բացի՝ ունեն նաեւ հայ գրականության, հայոց պատմության եւ այլ դասեր։
«Պեկինի օտար լեզուների համալսարանը կարեւորեց հայերենի ուսումնասիրումը, քանի որ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ զարգացել են առեւտրատնտեսական, դիվանագիտական, կրթական եւ մշակութային կապեր: Այսպիսով՝ որակյալ թարգմանիչների, ուսուցիչների, դիվանագետների մեծ պահանջարկ է առաջացել, որոնք կարող են աշխատել առանց միջնորդի: Իսկ Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու հայ լեզուն եւ մշակույթը այնպիսի հզոր երկրում, ինչպիսին Չինաստանն է»,- ասում է Մերի Կնյազյանը։
Ուսանողները վստահ են՝ էլի են գալու Հայաստան՝ ճամփորդելու, հնարավորության դեպքում նաեւ աշխատելու համար։ Ծիան Իհոնը նույնիսկ մտադիր է շարունակել հայագիտությամբ զբաղվել ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում։