Այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ադրբեջանցիները շարունակում են փակ պահել, ինչի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը խորանում է։ Թե ինչ կլինի մեկ ժամ կամ մեկ օր հետո, գոնե սովորական քաղաքացիներին անհայտ է։
Ստեղծված անորոշության պայմաններում հիմնականում Հայաստանում հասարակական ու քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ են իրականացվում՝ միջազգային կառույցներին ու հանրությանն իրազեկելու Արցախում ստեղծված բարդ եւ վտանգավոր իրավիճակի մասին։ Մայրաքաղաքի եւ մարզերի բնակիչները, նաեւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները փորձում են տարբեր հարթակներում սատարել Արցախին եւ այնտեղ ապրող հայությանը։ Իսկ արցախցիները, չնայած օր օրի ծանրացող իրավիճակին, շարունակում են ապրել իրենց սովորական առօրյայով․ այլ տարբերակ չունեն։
Արցախի հանրային ռադիոյի լրագրող, մեկնաբան Սրբուհի Վանյանը, որ 22 տարի նաեւ «Ազատ Արցախ» թերթում է աշխատել, «Ալիք Մեդիա»-ին պատմել է ճգնաժամի պայմաններում ապրող արցախցիների տրամադրության, դժվարությունների եւ ընդհանրապես տիրող իրավիճակի մասին»:
Խուճապ չկա
Տրամադրությունը սովորական է, մարդիկ փորձում են իրավիճակին հանգիստ վերաբերվել։ Չգիտեմ ինչպես ձեւակերպել, նույնիսկ մի քիչ երեւի անտարբերություն ասեմ, այդքան հանգիստ են մարդիկ։ Կարծես հարմարվել են իրավիճակին, որովհետեւ էս սթրեսը երկար է ձգվում, պատերազմից հետո էլ պարբերաբար շոկի են ենթարկում բնակչությանը։ Խուճապ ընդհանրապես չկա, գուցե դա է պատճառը, որ դժվարությամբ են հասարակական նախաձեռնություններ կազմակերպվում։ Իհարկե կան անհատներ, կազմակերպություններ, որոնք փորձում են նախաձեռնությունների միջոցով թմբիրից հանել ժողովրդին։ Բայց խնդիր կա, որ այդ ակցիաներով նաեւ չվնասեն։ Այդ պատճառով են գուցե փորձում ինչ-որ ձեւով իշխանությունների հետ համագործակցել կամ նույնիսկ եթե չեն համագործակցում, մի տեսակ շատ կշռադատված պիտի այդ ակցիաներն անեն, այդքանը հասկանում են մարդիկ։
Խնդիրներ եւ մտահոգություններ շրջափակված Արցախում
Մտահոգությունները հիմնականում պաշարների հետ են կապված։ Հացի, ձավարեղենի, ընդեղենի խնդիր դեռ չկա։ Այն, ինչ արտադրվում է տեղում, դեռեւս ունենք․ կաթնամթերք, միս եւ այլն։ Բանջարեղենի շատ խանութներ փակվել են, որովհետեւ այդ ամենը ներկրվում է Հայաստանից։ Խնդիր է վառելիքը, այն բոլորին չի տրամադրվում։ Գազամատակարարման վերականգնվելուց հետո որոշակիորեն այդ խնդիրը կարծես թե լուծվել է մեքենաների լիցքավորման հետ կապված, որովհետեւ մեծ մասամբ գազով են լիցքավորում, բայց կա հեղուկ գազի խնդիր։
Կանխիկ դրամի խնդիր էլ կա, որովհետեւ այստեղ շատ տարածված չէ տերմինալներից օգտվելը, քարտով առեւտուր անելու պրակտիկան։ Մարդիկ հիմնականում սովոր են կանխիկին՝ կոմունալ վճարումներից մինչեւ խանութներում սովորական գնումները։ Այդ պատճառով դժվար է անկանխիկի անցնելը, հատկապես որ շատ մեծ խանութներ չկան, եւ բնականաբար քարտային վճարում դժվար է կազմակերպել։
Կապի խնդիր ունենք, ինտերնետը շատ թույլ է, բջջային կապն էլ միշտ չէ հասանելի։ 2020-ի պատերազմից հետո կայանների մեծ մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, եւ ենթակառուցվածքներն ընդհանուր առմամբ խնդիրներ են ստեղծում։ Այդ պատճառով դժվարանում է ինտերնետ ծառայությունների միջոցով տնտեսություն կազմակերպելը։
Կիսված ընտանիքներ
Աղջիկս ուսանող է Երեւանում, քննաշրջանի ավարտից հետո պատրաստվում էր արձակուրդներին տուն գալու։ Նույնիսկ եթե հաջողվի ճանապարհը բացեն, չգիտենք, թե որքանով դա կայուն կապ կլինի․ կկարողանա՞ արձակուրդներից հետո վերադառնալ Երեւան եւ ուսումը շարունակել։ Ամուսինս էլ Երեւանում է, գնացել էր ուսանող աղջկաս տեսակցության, բայց վերադառնալու հնարավորություն չի ունեցել։ Ֆինանսական խնդիրներ այս պահին չկան, որովհետեւ բանկերը դեռ աշխատում են, կարողանում ենք փոխանցումների միջոցով այդ հարցերը լուծել։
Կարոտում ենք։ Ամիսը մեկ անգամ մեկ-երկու օրով հանդիպում էինք, ինչ-որ հարցեր լուծում, հիմա չի ստացվում։ Բացի այդ՝ մի տեսակ վախ ու մտահոգություն կա, որ կարող է երկար շարունակվել այս ամենը։
Իմ շրջապատում մարդիկ կան, որ պլանավորված ուղեւորություններ եւ գործուղումներ ունեին։ Մեկը դեսպանատուն պիտի գնար, մյուսի՝ այլ երկիր գնալու տոմսերն են գնված, չգիտեն էլ՝ կկարողանա՞ն տոմսերը հետ տալ առանց Երեւան գնալու կամ գործուղումները հետաձգել։
Լրագրողների աշխատանքը
Թե ինչ կփոխեն հանրահավաքն ու տարբեր նախաձեռնություններ, չեմ կարող ասել։ Արցախում ամեն ինչ մի քիչ այլ է, քան Հայաստանում։ Այստեղ նաեւ լրագրողներն են այլ կերպ աշխատում։ Նրանց մեծ մասը սենսացիաների հետեւից չի գնում, որովհետեւ այստեղ ինչպես էլ որ գրեն, աշխատեն, մեկ է, անվտանգային հարցերը միշտ առաջին տեղում են, կարծես ներքին ձայնը, ներքին զգացողությունը հորդորում են առաջին հերթին այդ անվտանգային խնդիրներին ուշադրություն դարձնել, չվնասել առանց այն էլ փխրուն անվտանգային համակարգը եւ ավելորդ անգամ խնդիրներ չստեղծել։ Չգիտեմ՝ դա ինչքանով է ճիշտ կամ սխալ, համենայն դեպս Արցախում այդպես է ստացվում աշխատել։
Իհարկե, մենք փորձում ենք ե՛ւ խնդիրներ վերհանել, ե՛ւ ներքին այնպիսի հարցեր բարձրացնել, որոնք առկա խնդիրները կկարողանան տեղ հասցնել եւ որոշ լուծումներ ապահովել, բայց, ըստ իս, այստեղ լրագրողների աշխատաոճը տարբերվում է Հայաստանում աշխատող լրագրողների աշխատանքից։
Քաղաքացիների պահանջը ռուս խաղաղապահներից
Դեկտեմբերի 23-ին մի խումբ քաղաքացիներ հանրային նախաձեռնությամբ բարձրացել են դեպի Շուշի, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետերը, եւ պարզաբանումներ են պահանջել խաղաղապահներից՝ խոստանալով վերադառնալ, եթե մինչեւ հաջորդ օրը՝ ժամը երեքը, ճանապարհի բացման խնդիրը լուծված չլինի։ Մարդիկ այս հանդիպումներից նույնպես ակնկալիքներ ունեն, սպասում են, որ դիվանագիտական ճանապարհով ինչ-որ խնդիրներ կարող են լուծվել։
Լավ է, թե վատ, ընդունում ենք, թե դժգոհ ենք, խաղաղապահների ներկայության գործոնը մեծ է։ Եթե խաղաղապահները կանգնած չլինեն, Արցախում ապրելն իսկապես անհնարին կլինի։ Հիմա, երբ բանակցություններ են ընթանում, մտածում ենք, որ կարող է ինչ-որ հարց են լուծում։ Բնականաբար շատ-շատերն են ուզում փողոց դուրս գալ, բայց զսպվածություն կա, որովհետեւ չգիտեն, թե դա ինչպես կանդրադառնա։ Օրինակ՝ մարդն ապրում է սահմանի վրա, որից 200 մետր այն կողմ թուրքերը կանգնած են։ Հիմա այդ պրովոկացիաները կարող են իսկապես շատ լուրջ խնդիրներ առաջացնել գյուղերում, դաշտերում գտնվող, անտառ գնացող մարդկանց համար։
Այնպիսի իրավիճակ է, երբ հնարավոր է՝ ադրբեջանական սադրանքներին տրվելով՝ մարդիկ իսկապես վնասեն, այդ պատճառով են այդ ակցիաներն էլ մի քիչ զգուշությամբ անում, որ ավելորդ անգամ էստեղ ապրող բնակչությանը վտանգի չենթարկեն։ Իրականում անվտանգային խնդիրները շատ սուր են։ Բնակչությունն անորոշության մեջ է, չգիտի ինչ սպասել։
Հայաստանում Արցախի դեինտեգրում է ընթանում
Արցախում գուցե մի քիչ վիրավորվածություն կա այն առումով, որ թվում է՝ քաղաքական, դիվանագիտական առումով Հայաստանում կարծես Արցախի դեինտեգրում է ընթանում։ Չեմ սիրում շատ զուգահեռներ անցկացնել եւ համեմատել՝ տոն են նշում, թե ոչ, Նոր տարի են անում կամ ոչ։ Արցախում իսկապես մի քիչ տարբեր են տրամադրությունները, եւ դա նորմալ է իմ կարծիքով։
Երբ Երեւան եմ գնում, տեսնում եմ՝ մարդիկ ապրում են նեղ անձնականով։ Գուցե նորմալ է, այնպես է, ինչպես Ղարաբաղում մենք չենք ընկալում, օրինակ, Ուկրաինայի պատերազմը կամ Աֆրիկայում ընթացող ինչ-որ գործընթաց։ Ինձ թվում է՝ եթե դու դրա միջով չես անցնում, մի տեսակ այդ գործընթացները շատ չեն ազդում քեզ վրա։ Եվ ինչպես յուրաքանչյուր ընտանիք է իր հոգսերով ապրում, նույնն էլ պետությունը, որը ընտանիքի ավելի մեծ մոդել է։ Բայց իհարկե կան նաեւ մտահոգ շրջանակներ, որոնց իսկապես հուզում է այն, ինչ տեղի է ունենում Արցախում։ Իմ շրջապատում նման մարդիկ ավելի շատ են։ Վիրավորվածություն գուցե լինում է ինչ-որ պահերի, բայց ըմբռնումով եմ մոտենում։
Մեր ինտեգրումը Հայաստանին այս երեսուն եւ ավելի տարիներին իսկապես տեղի է ունեցել։ Անկախ նրանից՝ մարդիկ կարող են ինչ-որ տարբերություններ մտցնել, մենք մեկ տնտեսական, մեկ իրավական, մեկ ազգային, մշակութային դաշտում ենք։ Եվ մենք մայր հայրենիքի, մայր Հայաստանի մի մասնիկն ենք մեզ ընկալում։ Կյանքի ճանապարհի արգելափակումով իսկապես շատ խնդիրներ են առաջանում, քանի որ Արցախի չճանաչվածության գործոնով պայմանավորված՝ մենք աշխարհին ներկայանում ենք Հայաստանի դեմքով, դրա համար տարբեր խնդիրներ ենք ունենում՝ բիզնեսից մինչեւ անձնական կապեր։
Կարծում եմ՝ պետք է լինի ազգային գաղափարախոսություն, մարդկանց՝ պետություն ունենալու գիտակցումն այնքան բարձր պիտի լինի, եւ դա պիտի մանկուց՝ ընտանիքից, դպրոցից դաստիարակվի, որպեսզի հասկանան, որ նույն Արցախը, Սյունիքը, Գյումրին, Տավուշը մեր հայրենիքի մի մասն են, եւ մասերի պետք չէ բաժանել։ Ու հայրենիքն այն չլինի, որտեղ կոնկրետ դու ապրում ես, սահմանը նույնպես պետք է լինի քո հայրենիքը։ Այդ ընկալումը չկա, չգիտեմ՝ մեր հասարակությունը ինչու եւ ինչպես է հասել այդ վիճակին։ Նման ընկալում կա, եւ անհիմն չեն այս մտահոգությունները։
Ապագան անորոշ է
Անկախ նրանից, թե ինչպես կլուծվի ճանապարհի հարցը, ամենամտահոգիչը դեռեւս Արցախի ապագայի անորոշությունն է։ Մարդիկ ապրում են այստեղ, իսկապես ցանկություն ունեն ապրելու իրենց հողի վրա, իրենց տանը։
Նույնիսկ մարդիկ կան, որ պատերազմի ժամանակ եկել էին Հայաստան, մնացել էին որոշ ժամանակ, բայց այդպես էլ չեն կարողացել հարմարվել միջավայրին եւ վերադարձել են։ Ուզում են ապրել, բայց այդ անորոշությունը, թե ինչ կլինի հետո, ինչպես կդասավորվի իրենց երեխաների ապագան, Արցախը կլինի՞ արդյոք Ադրբեջանի կազմում․․․ շատ-շատերը դա ուղղակի չեն պատկերացնում։ Եվ եթե Ադրբեջանի պահանջները բավարարվեն, անցակետ տեղադրվի կամ Արցախը թողնեն Ադրբեջանի կազմում, դա կտանի Արցախի լիարժեք հայաթափման։ Եվ պատահական չէ, որ մեր իշխանավորներից շատերն են դա կարմիր գիծ անվանում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։