Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված հարյուրավոր արցախցիներ երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահ զորակազմի` Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված անցակետ, որպեսզի պահանջեն, որ նրանք ադրբեջանցիներին հեռացնեն Լաչինի միջանցքից:
Բողոքի երթի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը եւ մի խումբ արցախցիներ նախօրեին՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտից շարժվելով դեպի Շուշի, հանդիպել էին ՌԴ խաղաղապահներից մեկին եւ պահանջել էին բացել միջանցքը` թեկուզ ուժի կիրառմամբ։ Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը երթի մասնակիցներին հորդորել էր հետ գնալ, քանի որ բանակցություններ են ընթանում։
Պետրոսյանը հայտնել է, որ եթե դեկտեմբերի 24-ին էլ ճանապարհը չբացվի, միջոցառումներ կարվեն արդեն օդանավակայանի մոտակայքում։ «Մենք ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված։ Ռուսաստանը ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- նշել է Պետրոսյանը: