Աղքատությունն ընդունված է գնահատել եկամտով կամ սպառմամբ, բազմաչափ աղքատության ինդեքսը (ԲԱԻ) աղքատությունը չափելու հնարավորություն է տալիս այլ գործոններով։ Որպեսզի մարդն ունենա արժանապատիվ կյանք, պետք է ունենա ե՛ւ եկամուտ, ե՛ւ պետական ծառայություններից օգտվելու հնարավորություն։
«Շատ երկրներում կա ոսկե ստանդարտ, մեր երկրի դեպքում բաղադրիչները ներառում են առողջապահությունը, կրթությունը, զբաղվածությունը, բնակարանային պայմաններն ու հիմնական կարիքները»,- «բազմաչափ աղքատություն» եզրույթը բացատրում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի» հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը։
«Եթե ֆինանսապես ապահովված մարդն ապրում է մի համայնքում, որտեղ կրթությունը, առողջապահական ծառայությունը հասանելի չեն, դա համայնքային բազմաչափ աղքատության ինդեքս է։ Բնակիչը պետք է տեսնի համայնքային այդ խնդիրը, որը կարելի է հեշտությամբ լուծել, որը, սակայն, չի լուծվում»,- հավելում է «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանը։
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» (CRRC-Armenia) հիմնադրամը, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը», «Եվրասիա համագործակցություն» (EPF) եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամները փորձնական հետազոտություն են անցկացրել Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում՝ չափելու բազմաչափ աղքատությունը համայնքային մակարդակում։
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի հուլիս-օգոստոսին, ծրագրի արդյունքները թվերի, պատկերների, ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացվել են երեք մարզկենտրոններում։ Տվյալների ցուցադրությունն ամփոփվեց Երեւանում՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնում։ Սոցհարցումներն անցկացվել են 2400 հոգու հետ։ 800-ական հարցում են անցկացրել յուրաքանչյուր մարզում, նախ կարիքների գնահատում են արել, ուղիղ հարցերով պարզել՝ որքանով է մարդը նվազագույն ծառայություններ ստանում, որքանով է պետությունը կատարում իր պարտավորությունները։
«Փորձել ենք պարզել կառավարությունն ինչ է խոստանում առաջիկա տարիների համար եւ որքան ռեսուրս է ծախսում այդ ուղղությամբ»,- Կարինե Հարությունյանը ուշագրավ է համարում, որ քաղաքականությունները լավ սահմանված են, բայց բյուջետային ծրագրերը միշտ չէ, որ արտահայտում են դրանք։
Եռամյա փուլային ծրագրի նպատակն ընդհանրապես աղքատության խնդիրներին, ձեւերին, չափումներին ծանոթացնելն է, ելքեր ու լուծումներ առաջարկելը։ Քաղհասարակությունները կկարողանան հասկանալ եւ վերլուծել աղքատությունը, վերանայել ու վերահսկել պետական, համայնքային բյուջեները եւ մասնակցել բյուջեի ձեւավորման գործընթացներին։
«Կարճ ասած՝ այս թվերը գործիք են ՏԻՄ-երի համար՝ ճիշտ պլանավորելու տարեկան ծրագրերը, բյուջեի սուղ միջոցներն ուղղել հասցեական»,- ասում է Լիլիթ Եզեկյանը,- 12 համայնքներում քննարկումներ ենք ունեցել, ու հասկացել ենք, որ ՏԻՄ-երը չունեն տվյալներ, նույնիսկ դրամական աղքատության մասով»։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեպետ Շիրակի եւ Լոռու մարզերում բազմաչափ աղքատության ինդեքսը գրեթե նույնն է՝ շուրջ 16 տոկոս, Տավուշում՝ 17.6 տոկոս, համայնքները դիտարկելու դեպքում պարզ է դարձել, որ Շիրակի գյուղական համայնքներում ԲԱԻ-ն ամենաբարձրն է՝ շուրջ 24 տոկոս։ Թվերը ցույց են տալիս, որ քաղաքներում եւ գյուղերում բազմաչափ աղքատության ցուցանիշները տարբեր են։ «Առանձին ուշադրության կարիք ունեն գյուղական համայնքները, մի տեսակ դուրս են քաղաքականության մշակման գործընթացներից»,- տվյալները համադրելով՝ նշում է Լիլիթ Եզեկյանը։
Ըստ Կարինե Հարությունյանի՝ համայնքային մակարդակով ԲԱԻ-ի հաշվարկները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ առանց դրանց անհնար է տեսնել համայնքների կտրուկ տարբերությունները։ Ստացված հիմնական արդյունքներն ու բացահայտումներն անսպասելի չեն, բնակչության եկամուտների մակարդակը ցածր է, պարտքային պարտավորությունները եւ ծանրաբեռնվածությունը՝ շատ բարձր։
Իրավիճակը վերջին տարիներին վատթարացել է, հատկապես անհանգստացնող է թերսնուցման բարձր մակարդակը։ Տավուշի քաղաքային եւ գյուղական համայնքների տնային տնտեսությունների շուրջ 64, իսկ Իջեւանի տնային տնտեսությունների շուրջ 75.5 տոկոսը իրենց չեն կարող թույլ տալ օրը մեջ հավով, մսով, ձկով կամ համարժեք բուսակերային կերակուր ուտել։ Այս ցուցանիշով ամենաանապահովը Սպիտակն է՝ 80.1 տոկոս ցուցանիշով։ Մարզերի տնային տնտեսություններում գերակշռում են բնակարանային եւ առողջապահական խնդիրները։ Բժշկական ծառայությունները լիովին հասանելի է գնահատել Լոռու տնային տնտեսությունների 23.2, Տավուշի՝ շուրջ 24, Շիրակի 10 տոկոսը։ Որակյալ առողջապահության մատչելիությունը, փորձառու եւ որակյալ մասնագետների պակասը մնում են գերխնդիր։ Պարզվել է, որ կենտրոնացված ջրամատակարարման համակարգին շարունակական մուտքն ավելի խնդրահարույց է Լոռու 28.6 տոկոսի, Տավուշի 27.7 տոկոսի, քան Շիրակի 10 տոկոսի համար: Շիրակի համար աղբահանությունն արձանագրվել է որպես կարեւոր խնդիր։ Երիտասարդների զբաղվածության հնարավորությունները լիովին հասանելի է համարել Լոռու ՏՏ-ների 7 տոկոսը, Շիրակի 10 տոկոսը։
Ըստ Կարինե Հարությունյանի՝ կրթության որակի եւ հասանելիության նկատմամբ բնակչության գոհունակության մակարդակը ցածր չէ, սակայն շահառու բնակավայրերի գերակշիռ մասում կան կրթական համակարգից դուրս մնացած երեխաներ. «Նախադպրոցական եւ արտադպրոցական կրթությունը մեծ պահանջարկ է սկսել ստանալ, որը ՏՏ-ների մեծ մասի համար մնում է անհասանելի»։
Թեեւ ընդհանուր առմամբ աշխատատեղերի հասանելիությունն ու զբաղվածությունը կարեւորվում է, սակայն բնակչությունը սկսել է շեշտադրել վերապատրաստման, ֆինանսական գրագիտության բարձրացման անհրաժեշտությունը։ Հետազոտություններից երեւում է, որ աճում են նաեւ համայնքային կյանքի որակի եւ միջավայրի բարելավմանն ուղղված պահանջները։ Շատերը շեշտադրում ու կարեւորում են ճանապարհների որակը, փողոցների բարեկարգումը եւ լուսավորությունը, այգիների, ժամանցի վայրերի առկայությունը գյուղական ու փոքր քաղաքային համայնքներում։ Նման պահանջները հուշում են կյանքի որակի առավել բարձր պահանջների մասին։
Լրացուցիչ աշխատատեղերի եւ աշխատանքային հնարավորությունների ստեղծումը բոլոր երեք մարզերում համարվել է բարեփոխման ամենամեծ կարիքը՝ շուրջ 86 տոկոս։ Կարինե Հարությունյանը նշում է, որ բնակչությունը փոփոխություններ ակնկալում է ոչ թե ՏԻՄ-ից, այլ հենց Կառավարությունից։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։