Ըստ WELT պարբերականի՝ Գերմանիան 2022 թվականին կշարունակի մնալ ԵՄ-ում ապաստան հայցողների թվով առաջատար երկիրը։ Ընթացիկ տարվա սկզբից Գերմանիայում ապաստան ստանալու համար դիմել է 190749 մարդ, ինչը 57 տոկոսով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գերմանիայում ապաստանելու համար ամենաշատ հայցերը ներկայացվել են Սիրիայից՝ 27 տոկոս, Աֆղանստանից՝ 17 տոկոս, Թուրքիայից՝ 10 տոկոս, Իրաքից՝ 6,9 տոկոս եւ Վրաստանից՝ 4 տոկոս։
Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ ապաստան գտնելու համար ներկայացվել է 115820 հայց, հետո արդեն Իսպանիան (111220) է, Ավստրիան (106554) եւ Իտալիան (78897)։ 2022 թվականին ապաստանի ամենաքիչ հայցերը ստացել են Հունգարիան՝ 43, Սլովակիան՝ 382, Լատվիան՝ 548։ ԵՄ-ում բնակչության 100 հազար շնչին բաժին ընկնող ապաստան հայցողների թվով առաջատարը, սակայն, Ավստրիան է։ Այստեղ 100 հազար բնակչության համար բաժին է ընկնում 229 հայց։
WELT-ում նշում են, որ բերված վիճակագրությունը չի ներառում Ուկրաինայի քաղաքացիներին։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ կիրառվում է ԵՄ ներքին գործերի նախարարության 2022 թվականի մարտի 4-ի՝ «Զանգվածային հոսքի մասին ԵՄ» դիրեկտիվը։ Ընդ որում՝ Ուկրաինայի քաղաքացիները ԵՄ-ի տարածքում մարդասիրական նկատառումներով ստանում են կացության իրավունք, որով նրանց համար հասանելի են կրթությունը, աշխատանքը, սոցիալական զեղչերը եւ բուժսպասարկումը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը