Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած Եվրոպական տնտեսական վերլուծական կենտրոնի՝ Bruegel-ի՝ թեեւ ձմռան նախաշեմին Եվրոպայում կարողացան գազի պահեստարանները բարեհաջող կերպով լցնել, սակայն էներգետիկ ճգնաժամն այնտեղ ավարտված համարել չի կարելի։ Ավելին՝ իրավիճակը շատ ավելի վատ կարող է լինել արդեն հաջորդ ձմռանը, երբ ռուսական գազի խողովակաշարային մատակարարումները հասնեն լավագույն դեպքում նվազագույն ցուցանիշի։
Bruegel-ի զեկույցում նշվում է, որ եվրոպական տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների՝ էներգիայի համար կատարվող ծախսերը աճել են 1,06 տրիլիոն դոլարով կամ 1 տրիլիոն եվրոյով։ Սա նշանակում է, որ եթե եվրոպական երկրների կառավարությունները ոչինչ չանեն, բացի ֆինանսական աջակցությունը շարունակելուց եւ էներգակիրների գնաճը ծածկելուց, ապա դա կլինի ԵՄ ՀՆԱ-ի 6 տոկոսը, ինչը ահռելի մեծ գումար է։
Bruegel-ի վերլուծաբանները կարծում են, որ պետական ծավալուն աջակցությունը կարող է հանգեցնել գնային նոր հավասարակշռությանը հարմարվելու գործընթացի ձգձգմանը եւ առաջացնել հավելյալ՝ ավելի մեծ աջակցության տրամադրման անհրաժեշտություն։ Դրա փոխարեն, ըստ մասնագետների, ԵՄ-ին անհրաժեշտ է «մեծ գործարք», որպեսզի խթանի խնայողությունն ու միաժամանակ մեծացնի առաջարկը։
Առաջիկա 12-24 ամիսները կլինեն վճռական, որպեսզի պարզ դառնա, թե արդյոք Եվրոպան կկարողանա հաղթահարել էներգետիկ ճգնաժամը առանց պարտադիր գնակարգավորման մեխանիզմը կիրառելու կամ էլ չափազանց զգալի որոլտային մրցունակության կորստի։
Եվրոպայի էներգետիկ համակարգերն արդեն առաջին իրական փորձության մեջ հայտնվել են այս ամիս՝ Եվրոպայի հյուսիս-արեւմուտքի մեծ մասում հաստատված ցուրտ եղանակով պայմանավորված, ինչը հասկանալիորեն ավելացրել է էներգետիկ ծախսերը։
Gas Infrastructure Europe-ի տվյալների համաձայն`Եվրոպայի գազապահեստարանները սկսել են դատարկվել, եւ դրանցում առկա պահեստավորված գազի ծավալը 84 տոկոս է։ Սա, իհարկե, ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, սակայն չի կարելի ասել, թե իրավիճակը հուսադրող է, որովհետեւ իրական էներգետիկ փորձության Եվրոպան կառերեսվի 2023/2024 թվականների ձմեռային սեզոնին։
Հաջորդ տարի է պարզ դառնալու, թե արդյոք Եվրոպան կկարողանա անհրաժեշտ հեղուկացված գազի տեսքով լրացնել իր սպառման համար անհրաժեշտ գազի ծավալները այն դեպքում, երբ հեղուկացված գազի պահանջարկը շարունակում է աճել մյուս շուկաներում, եւ հատկապես հեղուկացված գազի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերում է Չինաստանը, որը վերականգնվում է կորոնավիրուսային համավարակից հետո։ Վերլուծաբաններն արձանագրում են, որ սեպտեմբերին ռուսական գազի մատակարարումները ծածկել են Եվրոպայի գազի ընդհանուր պահանջարկի 9 տոկոսն այն դեպքում, երբ Ռուսաստանը մատակարարում էր Եվրոպայի համար անհրաժեշտ գազի ծավալի 40 տոկոսը։ Այս ամենը նկատի ունենալով էլ վերլուծաբաններն ամփոփում են, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը նոր է սկսվում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը